Երեկվա օրը համառոտ. փետրվարի 23

Վրաստանի Աջարիայի մարզի Քոբուլեթի քաղաքում ծովում անհետացած աղջկա են փնտրում:

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներվ՝ 2023 թվականի հունվարին Վրաստանը Ռուսաստանից գնել է 1 762 տոննա (2,373 մլն դոլար) ռուսական ձեթ, ինչը կազմում է ընդհանուր ներմուծման 90 տոկոսը։

«Մեր երկրի 20 տոկոսն օկուպացված է. այս իրողությունից ելնելով` Ուկրաինային օգնելու հարցում մենք անում ենք առավելագույնը»,- ասել է Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն։

Փետրվարի 23-ին, Թբիլիսիում անցկացվել է միջազգային համաժողով «Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում. դիմադրության 1 տարի» թեմայով: Ըստ տեղեկության՝ Վրաստանի կառավարության ներկայացուցիչները չեն մասնակցում։

Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտի և քաղաքաշինության գործակալությունը հայտնել է, որ դեռևս չի կարող որոշակիորեն ասել, թե մետրոյի «Գոցիրիձե» կայարանը, որը երկու տարի առաջ փակվել էր վերանորոգման նպատակով, երբ կվերաբացվի:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին Նյու Յորք կատարած այցի շրջանակներում հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի նախագահ Չաբա Կորոշիին։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) Վրաստանի խորհրդարանին կոչ է անում մերժել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» խմբի առաջադրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը:

Վրաստանի ազգային բանկի հրապարակած անշարժ գույքի զարգացման ոլորտի ուսումնասիրության մեջ նշվում է, որ Վրաստանում գոյություն ունեցող բնակարանների 70 տոկոսը 30 տարեկանից ավելի է:

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով, ոստիկանությունը մարմնավաճառությանը նպաստելու և մարմնավաճառության համար վայր տրամադրելու մեղադրանքով 11 անձի է ձերբակալել: