Վարկեթիլիի հրդեհը տեղայնացված է. Այրվել է մոտ 1,5 հազար քառ. մետր տարածք

Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասում տեղակայված շուկայում բռնկված հրդեհը տեղայնացվել է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Օթար Կերեսելիձեն:

Վարկեթիլիի երկու՝ Կալաուբանի և Ջավախեթիի փողոցների խաչմերուկում բռնկված հրդեհն ընդգրկել է տասնյակ խանութներ ու կրպակներ, առևտրականների տաղավարներ: Այրվել է մոտ 1,5 հազար քառակուսի մետր տարածք: Տեղում աշխատել է 25 հրշեջ փրկարարական բրիգադ, կրակի արագ տարածման պատճառով հարակից տարածքում տեղակայված շենքերի էլեկտրոէներգիան անջատվել է, բնակիչներն էլ էվակուացվել են:

Կերեսելիձեի խոսքով՝ տուժածների մասին տեղեկություններ ու ահազանգեր չկան: