Իշխանություն-նախագահ տարաձայնություն՝ յունկերների հիշատակի օրը

Վրաստանում այսօր՝ փետրվարի 23-ին, նշում են յունկերների հիշատակի օրը: Վրաստանի խորհրդարանում օրվա կապակցությամբ հարգանքի արարողություն է անցկացվել, որին երկրի նախգահ Սալոմե Զուրաբիշվիլին հրավիրված չի եղել:

Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Վրաստանի նախագահին խորհրդարանը չի հրավիրել, նրան հնարավորություն չի տրվել ներկա գտնվել խորհրդարանի բակում գտնվող Խարեբի մատուռում յունկերների ոգու հոգեհանգստի արարողությանը և պետական ​​կառույցների այլ ներկայացուցիչների հետ հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։ Վրաստանի նախագահն այսօրվա կապակցությամբ ծաղիկներ է խոնարհել Կոջորիում գտնվող հուշահամալիրին և խորհրդարանի պալատի ճակատային մասում դրված յունկերների հուշատախտակին:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի հրավիրվել խորհրդարանում յունկերների հիշատակը հարգելու արարողությանը։ Պապուաշվիլին ասել է, որ «տիկին Սալոմեին չեն հրավիրել». «Այսօրվա միջոցառման հետ կապված ևս մեկ անգամ ասում եմ, որ անցյալ տարի նա հրավիրված էր, չէր ներկայացել այս միջոցառմանը, իսկ այս տարի նրա մասնակցությունը չէր դիտարկվել»:

Ի դեպ, Զուրաբիշվիլին անցյալ տարի խորհրդարանում չի մասնակցել այս օրվան նվիրված միջոցառմանը։ Նա մասնակցել էր 2022 թվականին:

Խորհրդային Կարմիր բանակի դեմ մարտնչած ռազմական դպրոցի ավելի քան 500 սաները (յունկերները), որ մարտնչում էին Թբիլիսիի մերձակայքում՝ Կոջորիում և Տաբախմելայում, պատրաստվում էին դառնալ Վրաստանի նոր ձևավորվող բանակի զինվորները։ 1921 թվականի փետրվարի 25-ին Կարմիր բանակը գրավեց Թբիլիսին, և երկիրը խորհրդայնացվեց։

Վրաստանի խորհրդարանը 2010 թվականի հուլիսի 21-ին ընդունված բանաձևով փետրվարի 25-ը հռչակել է խորհրդային օկուպացիայի օր։