Սադախլոյում ոսկու մաքսանենգության դեպք է բացահայտվել

Վրաց-հայկական «Սադախլո» մաքսակետում ապօրինի կերպով խոշոր չափի ոսկի բերելու փորձ է կանխվել:

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության փոխանցմամբ՝ մաքսային սահմանին առանձնապես խոշոր չափերի ապրանքներ ապօրինի տեղափոխելու փաստով ձերբակալել է մեկ անձի։

«Հետաքննությամբ պարզվել է, որ Վրաստանի քաղաքացին «Սադախլո» մաքսային անցակետով, մաքսային հսկողությունից թաքցված, իր հսկողության տակ գտնվող ավտոմեքենայի խցիկում հատուկ կազմակերպված թաքստոցով 1735 գրամ ոսկյա զարդեր է բերել Վրաստանի մաքսային սահման, 216 հազար 758 լարի մաքսային արժեքով:

Գործով հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 5-ից 7 տարի ժամկետով»,- հայտնում են քննչական ծառայությունից: