Հազարավոր թոշակառուների վարկի տոկոսները կկրճատվեն

Վրաստանում ավելի քան 150 հազար թոշակառուների վարկի տոկոսները կկրճատվեն։ Այս մասին հայտարարվել է վարչապետ Իրակլի Կոբախիձեի, ազգային բանկի նախագահ Նաթիա Թուրնավայի և Liberty Bank-ի գործադիր տնօրեն Բեքա Գոգիչաիշվիլիի հանդիպման ավարտին։

«Այս որոշման շնորհիվ մինչև 2023 թվականը վարկ վերցրած ավելի քան 150 հազար կենսաթոշակառուների վարկերի տոկոսները կկրճատվեն և կհավասարվեն 2023 թվականին սահմանված տոկոսներին»,- հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Կոբախիձեն նշել է, որ կարևոր է ժամանակին անցնել հաջորդ փուլ, որպեսզի թոշակառուները կարողանան հնարավորինս արագ օգտվել նորացված պայմաններից։

Նշենք, որ 2023 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակառուների համար վարկերի արժեքի վերին շեմը կրճատվել է մինչև 26 տոկոս: