Իվանիշվիլին ընդունել է ԱՄԷ նախագահին

«Վրացական երազանք»-ի հիմնադիր և Բիձինա Իվանիշվիլին իր առանձնատանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահիանի գլխավորած պատվիրակությանը։ «Վրացական երազանք»-ի հրապարակած հայտարարության մեջ չի նշվում, թե որտեղ է տեղի ունեցել հանդիպումը։

Հանդիպմանը մասնակցել են նաև վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին, Արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։

Իվանիշվիլին շնորհակալություն է հայտնել շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին այցելության համար և ընդգծել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների կարևորությունը։ ԱՄԷ նախագահը նույնպես շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և նշել, որ երկրների միջև սերտ տնտեսական կապերը մոտ ապագայում կհասնեն ավելի բարձր մակարդակի։ Այս հանդիպմամբ ավարտվել է ԱՄԷ նախագահի այցը Վրաստան։

Հիշեցնենք, Եվրոպական ինտեգրման գործընթացի դանդաղման ֆոնին Վրաստանը ամրապնդել է համագործակցությունը մի շարք երկրների, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Իրակլի Կոբախիձեն 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո երկու անգամ այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ։

Այցելություններից մեկի ժամանակ EMAAR խոշորագույն զարգացման ընկերության հետ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում Վրաստանում նախատեսվում է 6 միլիարդ դոլարի ներդրումներ կատարել։

Լրատվամիջոցները գրում էին նաև Թբիլիսիի և Աբու Դաբիի միջև կնքված ոչ պաշտոնական համաձայնագրի մասին, որի համաձայն՝ Արաբական Միացյալ Էմիրությունները թույլատրել են կալանավորել Վրաստանի համաներդրումային հիմնադրամի նախկին ղեկավար Գիորգի Բաչիաշվիլիին, որի դիմաց Վրաստանը աջակցել է Արաբական Միացյալ Էմիրություններից շեյխ Նասեր Ալ-Նավասիի թեկնածությունը ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության (ՄԱԿ Զբոսաշրջություն) գլխավոր քարտուղարի պաշտոնում՝ փոխարինելով Վրաստանի ներկայացուցիչ Զուրաբ Պոլոլիկաշվիլիին։

Վրաստան այցից մի քանի օր առաջ շեյխ Մոհամեդ բին Զայեդ Ալ Նահյանը այցելել էր Ադրբեջան, որի նախագահ Իլհամ Ալիևը Ղարաբաղում հյուրընկալել էր նրան։ Կողմերը ստորագրել էին 14 փաստաթուղթ, այդ թվում՝ համապարփակ ռազմավարական գործընկերության հռչակագիր։