Իվանիշվիլին կողմնակիցներին խնդրում է բոլոր առարկությունները մի կողմ դնել և աջակցել Զուրաբիշվիլիին

Մեծահարուստ, Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և նախագահ Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ չի լինի և համոզված է, որ առաջին փուլում հաղթելու է Սալոմե Զուրաբիշվիլին: Այս մասին նա ասել է «Իմեդի», «Պիրվելի» և «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ հարցազրույցում:

Իվանիշվիլին, դիմելով «Վրացական երազանքի» անդամներին, ասել է, որ անգամ եթե չեն տեսնում Զուրաբիշվիլիին նախագահի պաշտոնում, միևնույնն է, մի կողմ դնեն առարկություններն ու աջակցեն նրան:

«Այս տիկինն արժանի է և արժանապատիվ կենսագրություն ունի: Վրաց քաղաքականության մեջ դժվար է անվանել գոնե երկու կին գործիչ, որոնք նման քաղաքական կենսագրություն ունեն: Հորդորում եմ բոլոր վիրավորանքները մի կողմ դնել ու խնդրում եմ աջակցել տիկին Սալոմեին», — ասել է Իվանիշվիլին:

Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի անկախ թեկնածու է, որին նախագահական ընտրություններում աջակցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:

Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի հոկտեմբերի 28-ին: