Իվանիշվիլին այսօր ևս պատասխանել է լրատվամիջոցների հարցերին

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին շարունակում է ԶԼՄ-ների հետ հանդիպումների շարքը։ Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին, նա հարցազրույց է տվել «Մաեստրո», «Օբյեկտիվի», «Պալիտրան Նյուզ», «Կավկասիա», «Իբերիա» լրատվամիջոցներին։ Այս մասին interpressnews-ին փոխանցել են կուսակցությունից:

Իշխող ուժի գրասենյակից նաև հայտնել են, որ Բիձինա Իվանիշվիլիի կողմից տարբերվող կարծիքի հանդեպ հարգանքի մասին հայտարարությունը Ռուսթավի 2 հեռուստաընկերությունը գնահատել է որպես սպառնալիք:

Հենց այդ պատճառով «Վրացական երազանք»-ի ղեկավարը Ռուսթավի 2 հեռուստաընկերությանը հրավիրել է հանդիպմանը՝ լրատվամիջոցին հնարավորություն տալու հնչեցնել բոլոր հարցերը։ Սակայն հեռուստաընկերությունը նկարահանող խումբ չի ուղարկել Իվանիշվիլիի հետ հանդիպմանը։

«Սա Վրաստանի նորագույն պատմության մեջ աննախադեպ երևույթ է, երբ հեռուստաընկերությունը հրաժարվում է իշխող կուսակցության նախագահի հետ հանդիպումից»,-ասել է Բիձինա Իվանիշվիլին։