Ախալքալաքի մունիցիպալիտետում տարիների ընթացքում որոշումների կայացման գործընթացներից կանանց բացակայությունը հանգեցնում է այն իրավիճակին, որ համայնքային ենթակառուցվածքները հաճախ հաշվի չեն առնում նրանց առօրյա կարիքները, ինչի հետևանքով նույնիսկ ամենապարզ լուծումները՝ ճանապարհից մինչև հանրային տարածքներ, ձևավորվում են առանց կանանց փորձի և տեսակետի։
Վրաստանում արդեն 16 տարի իրականացվում է Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության համակարգած «Գյուղի աջակցության ծրագիրը», որի շրջանակում կառավարությունը ֆինանսավորում է գյուղերում փոքր ենթակառուցվածքային նախագծերը։ Ծրագրի նպատակն է խթանել տեղական ինքնակառավարումը և հնարավորություն տալ գյուղական համայնքներին ինքնուրույն որոշել իրենց առաջնահերթությունները։
Ծրագրի համաձայն՝ գյուղերը ֆինանսավորում են ստանում բնակչության թվի հիման վրա․ հատկացվող գումարը տատանվում է 10 հազարից մինչև 20 հազար լարի։ Որոշումը, թե ինչի վրա պետք է ծախսվի այդ գումարը՝ ճանապարհի բարեկարգում, արտաքին լուսավորություն, ջրամատակարարում կամ այլ փոքր ենթակառուցվածքային խնդիր, որոշում են հենց բնակիչները` գյուղի ընդհանուր ժողովի կամ հարցման միջոցով։
Սակայն Սամցխե-Ջավախեթիում ծրագրի իրականացման գործընթացը միշտ չէ, որ ներառական է։ Տարիներ շարունակ գյուղական ժողովներին կանանց մասնակցությունը սահմանափակ է եղել։ Պատճառները բազմազան են՝ սոցիալական կարծրատիպերից և տեղեկատվության պակասից մինչև ինքնավստահության պակասի խնդիրներ ու որոշումների կայացման գործընթացից դուրս մնալու ավանդույթ։
Ախալքալաքում գործող «Առաջ դեպի նոր հնարավորություններ» հասարակական կազմակերպության ղեկավար Լյոլյա Ռաիսյանի նախաձեռնությամբ այս տարի մի շարք գյուղերում հատուկ ուշադրություն է դարձվել կանանց ներգրավվածությանը։ Այդ գյուղերից մեկը Կարտիկամն է, որտեղ օրեր առաջ կայացած ժողովից առաջ մենք զրուցեցինք Ռաիսյանի հետ։
Նրա խոսքով՝ կանանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում ոչ միայն իրավունքի, այլև անհրաժեշտության հարց է։ «Տղամարդիկ հաճախ արտագնա աշխատանքի են մեկնում, իսկ գյուղում առօրյա խնդիրների հիմնական բեռը կրում են կանայք։ Նրանք են ավելի լավ տեսնում համայնքի ամենօրյա կարիքները՝ ջրի, մանկական տարածքների, ճանապարհների կամ սոցիալական պայմանների հետ կապված։ Եթե նրանք չեն մասնակցում որոշումների կայացմանը, ապա համայնքի իրական խնդիրների մի մասը պարզապես մնում է չլսված»,– ասաց Ռաիսյանը։
Հարցազրույցը դիտեք հետևյալ հղումով:
Գյուղի աջակցության ծրագիրը, ըստ էության, տեղական ժողովրդավարության գործիք է։ Սակայն դրա արդյունավետությունը մեծապես կախված է նրանից, թե որքան ներառական է գործընթացը։ Եթե որոշումները կայացնում է համայնքի միայն մի հատված, ապա ծրագրի նպատակն ամբողջությամբ չի իրագործվում։
Սամցխե-Ջավախեթիի օրինակն ընդգծում է՝ ֆինանսական միջոցների հատկացումը բավարար չէ․ անհրաժեշտ է նաև աշխատել մասնակցության մշակույթի ձևավորման ուղղությամբ։ Քանի դեռ գյուղերում ապրող կանայք լիարժեք ներգրավված չեն համայնքային որոշումների կայացման գործում, տեղական զարգացումը չի կարող համարվել ամբողջական։
«Գյուղի աջակցության ծրագիրը», որը համակարգում է Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը, տարիներ շարունակ դիտարկվում է որպես տեղական ինքնակառավարման և համայնքային մասնակցության խթանման գործիք։ Ծրագիրը նախատեսում է, որ յուրաքանչյուր բնակավայր ինքնուրույն ընտրի ֆինանսավորվող նախագիծը՝ ապահովելով բնակիչների ուղղակի մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին։
Ըստ գործող կարգի՝ յուրաքանչյուր գյուղ կամ անցկացնում է գյուղական ընդհանուր ժողով, կամ կազմակերպում է ընտրողների հարցում։ Վերջինիս դեպքում բնակիչները քվեարկում են նախապես կազմված 14 կետից բաղկացած նախագծերի ցանկի շուրջ։ Այդ ցանկում, որպես կանոն, ներառվում են համայնքային առաջնահերթ ենթակառուցվածքային ուղղություններ՝ խմելու և ոռոգման ջրի համակարգերի վերականգնում, ներքին ճանապարհների բարեկարգում, դպրոցների և ամբուլատորիաների վերանորոգում, մարզադաշտերի ու հրապարակների կառուցում կամ վերազինում և այլ անհրաժեշտ աշխատանքներ։
Ֆինանսավորման չափը հաշվարկվում է բնակչության թվի հիման վրա։ Չնայած համեմատաբար փոքր բյուջեին, ծրագիրը լայն ընդգրկում ունի․ միջին հաշվով, ամեն տարի ամբողջ երկրում ֆինանսավորվում է շուրջ 5000 նախագիծ։
Այսպիսով, ծրագիրը ոչ միայն ենթակառուցվածքային խնդիրների լուծման հնարավորություն է, այլև համայնքային ժողովրդավարության փորձարկման հարթակ, որտեղ բնակիչների մասնակցությունը պարտադիր է:
Տարիների ընթացքում այս բացը կարող է հանգեցնել մի իրավիճակի, որ համայնքային զարգացման ծրագրերը լիարժեք չարտացոլեն բնակիչների բոլոր խմբերի կարիքները։ Իսկ երբ որոշումների կայացման սեղանի շուրջ կանանց ձայնը չի հնչում, համայնքի զարգացման մի մասը պարզապես մնում է չնկատված։