Վրաստանում ատելության լեզուն սոցիոկուլտուրային առումով բազմաշերտ և խորապես արմատավորված խնդիր է։ Սակայն, երբ ատելության լեզուն ուղղված է կանանց՝ հատկապես նրանց, ովքեր խախտում են ավանդական սեռային դերերի սահմանները և հայտնվում հանրային տարածքում, խնդիրը դառնում է առավել բարդ։ Նրանք ոչ միայն դառնում են քննադատության թիրախ, այլ նաև նրանց հասցեին ուղղված լեզուն հաճախ պարունակում է նվաստացնող և բարոյապես կործանող տարրեր։
Այս հոդվածում կքննարկենք, թե ինչ է նշանակում ատելության լեզուն առօրյա համատեքստում, կանդրադառնանք մի քանի կարևոր օրինակների վրացական հասարակության մեջ և կփորձենք վերլուծել, թե ինչպես է հասարակությունն արձագանքում այս երևույթին։ Միաժամանակ կանդրադառնանք մշակութային, մեդիա տարածության, քաղաքական և սոցիալական չափումների փոխազդեցությանը, որոնք որոշում են այն միջավայրը, որտեղ կանայք ապրում են, խոսում և պայքարում հավասարության համար։
Ատելության լեզուն միայն կոնկրետ բառերի հավաքածու չէ։ Դա համակարգային բռնության մի ձև է, որի նպատակն է անհատի, խմբի կամ ինքնության մարգինալացումը։ Երբ կինը հայտնվում է հանրային տարածքում՝ լինի քաղաքականություն, ակտիվիզմ, մեդիա, արվեստ, ակադեմիական միջավայր կամ բիզնես, նա հաճախ բախվում է ոչ թե փաստարկված քննադատության, այլ նվաստացման, ատելության խոսքի, որը գենդերային բնույթ ունի։
Ատելության լեզվի միջոցով կնոջը ոչ միայն զրկում են իր կարծիքն արտահայտելու իրավունքից, այլ նաև հասարակության աչքում նա կորցնում է իր պրոֆեսիոնալիզմի, կոմպետենտության և վստահելիության հիմքը։
Կանանց ուղղված ատելության լեզվի աչքի ընկնող օրինակներից է Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նկատմամբ կիրառված մեթոդը։
Ատելության լեզուն Զուրաբիշվիլիի դեմ դրսևորվել է տարբեր ձևերով, հատկապես սոցիալական ցանցերում և մեդիայում։
2018 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Սալոմե Զուրաբիշվիլիի տեսանյութերի տակ հրապարակված մեկնաբանությունների 30․6%-ը պարունակում էին ատելության խոսք։ Սալոմե Զուրաբիշվիլիի արձագանքը ատելության լեզվի նկատմամբ եղել է թե՛ անձնական, թե՛ հրապարակային և քաղաքականապես մոտիվացված։ Զուրաբիշվիլին բազմիցս նշել է, որ ատելության լեզուն և ագրեսիան ձևավորում են քայքայիչ հասարակական մթնոլորտ։
«Այսօր մեր հասարակությունում ատելության լեզուն, ագրեսիան, վիրավորանքը դարձել են սովորական երևույթ։ Դրանք քանդում են այն արժեքները, որ ունեինք», — նշել է Զուրաբիշվիլին։
Փաստը, որ Սալոմե Զուրաբիշվիլին դարձավ Վրաստանի առաջին կին նախագահը, ինքնին հակասում էր հասարակության մի մասի սպասումներին։ Դրանից բացի, Զուրաբիշվիլին ծնվել և մեծացել է Ֆրանսիայում, նրա խոսքն ունի ֆրանսիական շեշտադրություն (ակցենտ), ինչի պատճառով նրան բազմիցս քննադատել են։ Նրան հաճախ անվանում էին «ակցենտավոր նախագահ»։
Նրա հասցեին հնչող քննադատությունը հաճախ գերազանցում է քաղաքական վերլուծության սահմանները և դառնում սեռական ատելությամբ հագեցած քննադատություն։
Զուրաբիշվիլիի նկատմամբ կիրառվել են այնպիսի նվաստացուցիչ արտահայտություններ, ինչպիսիք են՝
- «Ֆրանսիական շեշտադրությամբ վրացերենը աղավաղում է»,
- «Եթե կին է նախագահը, էլ ինչ սպասես»,
- «Զուրաբիշվիլին միայն արտաքին ունի, ուղեղ չունի»։
Այս արտահայտությունները խորապես ցույց են տալիս, թե ինչպես է կնոջ հեղինակավոր դիրքը արժեզրկվում սեռի, ծագման և լեզվի պատճառով։ Հաճախ նրա անհատական որակները դուրս են մղվում քաղաքական կառուցողական երկխոսությունից։
Մեդիայում և հեռուստահաղորդումներում հաճախ նկատվում է անուղղակի ծաղր, երբ Զուրաբիշվիլիի արտահայտություններից ընտրված հատվածներն օգտագործվում են մոնտաժով՝ ծաղրի նպատակով։ Այս մոտեցումը ոչ միայն վնասում է նրա կերպարին, այլ նաև ստեղծում նախադեպ. այլ կանայք տեսնում են, որ հանրային դաշտ մուտք գործելը հղի է մշտական նվաստացմամբ։
Ատելության լեզվի հաջորդ աչքի ընկնող օրինակը Թամար Չուգոշվիլիին է, որը հասարակության շրջանում հայտնի է որպես «կանոններ խախտող կին»։
Թամար Չուգոշվիլին պատգամավոր և կանանց իրավունքների պաշտպան էր. նրա նկատմամբ ատելության լեզվի կիրառման հիմնական պատճառը նրա գենդերային ինքնությունն է և հանրային տարածքում ակտիվ ներգրավվածությունը, ինչը հակասում էր ավանդական գենդերային կարծրատիպերին։
Նրա հասցեին ատելության լեզուն հատկապես ակտիվ էր 2016-2019 թվականներին, երբ նա մասնակցում էր խորհրդարանական գործունեությանը որպես փոխխոսնակ և գենդերային խորհրդի նախագահ։
Չուգոշվիլին ակտիվորեն աջակցում էր խորհրդարանում գենդերային քվոտաների ներդրմանը, որի նպատակն էր բարձրացնել կանանց ներկայացվածությունը։ Այս նախաձեռնությունն արժանանում էր հասարակության այն հատվածի դիմադրությանը, որը հակադրվում էր ֆեմինիստական քաղաքականությանը։
Սոցիալական ցանցերում նրա հասցեին օգտագործվում էին նման արտահայտություններ՝
- «Ֆեմինիստ կանայք ընտանիք են քանդում»,
- «Ո՛չ կին է, ո՛չ քաղաքական գործիչ» և այլն։
Այս լեզուն ստեղծում է այնպիսի իրավիճակ, ըստ որի՝ կինը, որ զբաղեցնում է քաղաքական դիրք և պաշտպանում է կանանց իրավունքները, «քայքայող է»։ Հասարակական բարոյականությունը վերածվում է նրա դեմ ուղղված ռեակցիոն հարձակումների։ Փաստը, որ նրա հանրային դիրքորոշումները, օրինակ՝ կանանց նկատմամբ բռնության մասին օրենքների աջակցությունը, հաճախ վերածվում էին անձնական բնույթի գնահատականների, մատնանշում է, թե որքան դժվար է կնոջ համար ձեռք բերել մասնագիտական հեղինակություն։
Ատելության լեզվի զոհ է եղել նաև Նինո Լոմջարիան՝ հանրային պաշտպանը, երբ «երկիրը տղամարդու ձայնի կարիք ուներ»։
Նինո Լոմջարիան 2017-2022 թվականներին զբաղեցնում էր Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, և նա նույնպես հաճախ էր դառնում հարձակումների թիրախ։ Նրա ակտիվ դերակատարությունը մարդու իրավունքների պաշտպանության և քննադատական հայտարարությունների մեջ հաճախ առաջացնում էր ագրեսիվ արձագանքներ հասարակության որոշ հատվածից։
Լոմջարիան բազմիցս դառնում էր սոցիալական մեդիայում վիրավորական մեկնաբանությունների թիրախ։
Նրա հասցեին հնչել են նմանատիպ արտահայտություններ՝
- «Երբ կինն է սկսում ԼԳԲՏ մարդկանց պաշտպանել, էլ ինչո՞ւ ենք զարմանում»,
- «Ընտանիքի թշնամի և ազգային արժեքներ քանդող»։
Մեդիայի զարգացման հիմնադրամի (2023) զեկույցում, որը վերաբերում է գենդերային ապատեղեկատվության և ատելության լեզվի մոնիտորինգին, Նինո Լոմջարիան նշված է որպես գլխավոր թիրախ հանդիսացող կանանցից մեկը, որոնք ակտիվ են հանրային տարածքում։
Զեկույցում նշված է, որ նրա հասցեին հաճախ կիրառվում է բարոյական առումով վարկաբեկման լեզու՝ նպատակ ունենալով վնասել նրա մասնագիտական կոմպետենտությունն ու հեղինակությունը։ Նշված է նաև, որ Լոմջարիայի դեմ տարածվել են ապատեղեկատվական նյութեր, որոնց նպատակն էր վնասել նրա հեղինակությանը և նվազեցնել հանրային վստահությունը։
Դատարաններում նրա դիրքորոշումների արտահայտումը հանգեցնում էր իր ինքնությանն ու անձնական կյանքի վերաբերյալ բամբասանքների տարածմանը։
Ատելության լեզվի ևս մեկ վառ օրինակ էր Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր և իրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Էկա Բեսելիան։
Այս երեւույթն առավել ակնհայտ դարձավ այն բանից հետո, երբ նա հրապարակայնորեն քննադատեց իշխող կուսակցության որոշումները, մասնավորապես՝ Գերագույն դատարանի դատավորների ընտրության գործընթացը։
Ատելության լեզվի՝ որպես քաղաքական գործիքի օգտագործման դեպքերը զգալիորեն ավելացան 2018 թվականի վերջից, երբ Բեսելիան լքեց իրավական հարցերի հանձնաժողովը և սկսեց կտրուկ քննադատել կուսակցության ներքին գործընթացները։
2019 թվականին իշխող կուսակցության անդամ Վանո Զարդիաշվիլին Էկա Բեսելիային հրապարակայնորեն անվանեց «առնետ», պնդելով, թե նա կուսակցության ներքին տեղեկատվությունը փոխանցում էր լրագրող Նոդար Մելաձեին։ Հայտարարությունները աչքի էին ընկնում սեռով պայմանավորված և վարկաբեկող տարրերով։
Բեսելիային մեղադրում էին քաղաքական գործարքների և ֆինանսական շահերի մեջ ներգրավված լինելու համար, ինչը հաճախ հիմնավորված չէր ապացույցներով։
Էկա Բեսելիան բողոք էր ներկայացրել Զարդիաշվիլիի հայտարարությունների դեմ խորհրդարանի էթիկայի խորհրդում, սակայն գործը չունեցավ իրավական ընթացք։
2019 թվականի հունվարին Էկա Բեսելիան բաց նամակով դիմեց հանրությանը, որտեղ խոսեց իր դեմ իրականացված բարոյական ահաբեկության և անձնական կյանքի պատկերներ տարածելու հավանականության մասին։ Նա ընդգծեց, որ այս գործողությունները նպատակ ունեին վարկաբեկելու իրեն և հեռացնելու քաղաքականությունից։
Այս հարցում կարևոր դեր է խաղում նաև հասարակությունը։ Հասարակության մի մասը՝ հատկապես երիտասարդները, ֆեմինիստական և իրավապաշտպան կազմակերպությունները, ստեղծում են տարածքներ, որտեղ պայքարը ատելության լեզվի դեմ ընթանում է ոչ միայն մտավոր բանավեճով, այլ նաև քարոզարշավներով և ակտիվիզմով։ Օրինակ՝
- Փաստաթղթեր և բողոքներ այն մեդիա միջոցների դեմ, որոնք տարածում են ատելության լեզու պարունակող բովանդակություն
- Կրթական հարթակներ, որոնք սովորեցնում են քննադատական մտածողություն և վերլուծություն
Սակայն հասարակության մեծ մասը (պասիվ և ավանդական հասարակություն) դեռևս սկեպտիկորեն է վերաբերվում այս խոսույթին՝ համարելով, որ «եթե կինը մտնում է քաղաքականության մեջ, արդեն իսկ պետք է պատրաստ լինի ամեն ինչի»։ Սա ինքնին արդարացնում է բռնությունը։
Քաղաքական դաշտում կանանց` ատելության լեզվի թիրախ դառնալը Վրաստանում առաջացնում է հասարակական և ինստիտուցիոնալ արձագանք։ Այդ արձագանքները հաճախ ներառում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարությունները, մեդիայի լուսաբանումը և որոշ դեպքերում քաղաքական կուսակցությունների ներսում անդրադարձը։
Ոչ կառավարական կազմակերպությունները, ինչպիսիք են Մեդիայի զարգացման հիմնադրամը (MDF), Սոցիալական արդարության կենտրոնը (SJC) և ֆեմինիստական խմբերը, պարբերաբար իրականացնում են մոնիտորինգ, հրապարակում զեկույցներ և հրապարակայնորեն դատապարտում կանանց նկատմամբ հարձակումները։ Նրանք հաճախ հանդես են գալիս կոչերով, որպեսզի խորհրդարանը, մեդիա հարթակներն ու քաղաքական կուսակցությունները որդեգրեն ավելի հստակ դիրքորոշում և դատապարտեն ատելության լեզուն։ Այդպիսի օրինակ է MDF-ի զեկույցը, որտեղ շեշտվում է, որ սեքսիստական ատելության լեզվի հիմնական զոհերից են կին քաղաքական գործիչները։
Դրանից բացի, CRRC-Georgia-ն՝ ՄԱԿ-ի կանանց կազմակերպության աջակցությամբ, հրապարակել է զեկույց, որում ներկայացված են կանանց նկատմամբ բռնության դեպքերը Վրաստանում։ Զեկույցում վերլուծվում են ատելության լեզվի կիրառումը, սպառնալիքները և խտրական գործողությունները, որոնց նպատակը կանանց քաղաքական ակտիվության սահմանափակումն է։
Մեդիայի զարգացման հիմնադրամի (MDF) մոնիտորինգի տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում (2023 թ․) արձանագրվել է մոտ 3,000 նմանատիպ բովանդակությամբ հայտարարություն կամ գրառում, որոնց զգալի մասը՝ 1,805 դեպք, եղել է ավանդական մեդիայում, իսկ մնացածը՝ սոցիալական ցանցերում՝ 1,150 դեպք։ Հետազոտությունները ցույց են տվել, որ սեռը պայմանավորող ատելության լեզու պարունակող նյութերի մեծ մասը կապված է քաղաքական թեմատիկայի հետ, և հենց քաղաքական կամ հասարակական ակտիվ կանայք են եղել հիմնական թիրախները։ Մասնավորապես՝ ամենաշատ հարձակումներն ուղղվել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի (321 դեպք) և ընդդիմադիր կին քաղաքական գործիչների (450 դեպք), նաև լրագրողների ու քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ։
Այսպիսով, հանրային կյանքին ակտիվորեն մասնակցող կանայք հայտնվում են ատելության ընդգծված ալիքի առջև։ Հաճախ նման հարձակումները համընկնում են այլ ատելությամբ հագեցած քարոզարշավներին, նման հռետորաբանությունը հաճախ բնորոշ է հոմոֆոբ միջավայրին, ինչը վկայում է, որ հակալիբերալ դիսկուրսը միաժամանակ օգտագործում է հարձակման մի քանի հարթակ։
Տվյալները ցույց են տալիս, որ ատելության լեզուն ակտիվորեն կիրառվում է թե՛ առցանց հարթակներում, թե՛ ավանդական մեդիայում։ 2024 թվականի սկզբին կատարված վերլուծությունը ցույց տվեց, որ սոցիալական ցանցերում գործող վնասաբեր դերակատարները զանգվածաբար հարձակվում են հանրային-քաղաքական կյանքում ներգրավված կանանց վրա։ Նման առցանց արշավները տարածում են սեքսիստական հաղորդագրություններ, մեմեր և մոնտաժված տեսանյութեր, որոնք նպատակ ունեն նվաստացնելու թիրախավորված կանանց արտաքինը և մտավոր կարողությունները։ Օրինակ՝ սոցիալական ցանցերում նույնաբովանդակ վիրուսային նյութերը հաճախ միաժամանակ տարածվում են մի քանի հարթակներում (ֆեյսբուք, ՏիկՏոկ) անանուն հաշիվների միջոցով, ինչը մատնանշում է համակարգված ապատեղեկատվական արշավների գոյությունը։ Միաժամանակ, ատելության լեզվով հագեցած ուղերձները հիմնվում են հասարակության մի մասում առկա գենդերային կարծրատիպերի և սխալ նորմերի վրա՝ դրանցով խաղալով և առկա խնդիրը ավելի խորացնելով։
Պետական ինստիտուտները փորձում են արձագանքել առանձին դրվագների, բայց ընդհանուր միտումները մատնանշում են անհամարժեք ջանքեր։ Վերջին տարիների ընթացքում բազմիցս արձանագրվել են կին պատգամավորների հասցեին նվաստացուցիչ և գենդերային հիմքով վիրավորական արտահայտություններ։ Օրինակ՝ 2023 թվականին որոշ պատգամավորներ կին գործընկերների դեմ բարձրաձայնել են հրապարակային վիրավորական խոսքեր, կիրառվել է ֆիզիկական բռնություն և դրսևորվել սեռական հալածանքի նշաններ։
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի դիտարկմամբ՝ այդ դեպքերում գրեթե ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։ Չնայած խորհրդարանի պատգամավորների էթիկայի խորհուրդը արգելում է սեռով պայմանավորված և խտրական արտահայտություններ, իրականում այս կանոնը գործադրող մեխանիզմներն անարդյունավետ են եղել։ Սրա հետևանքով այն պատգամավորները, որ պետք է լինեն կանանց պաշտպանության լավագույն օրինակները, հաճախ հենց իրենք են խախտում այդ սկզբունքները։
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի համաձայն՝ իշխանական շրջանակներից հազվադեպ է հնչում ատելության լեզվի հրապարակային դատապարտում։ Ընդհակառակը՝ երբեմն բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն էլ են պարունակում նմանատիպ ենթատեքստ, ինչը խնդիրն էլ ավելի է ծանրացնում. երբ հենց իշխանության ներկայացուցիչներն են օրինակ ծառայում ատելության լեզվի կիրառմամբ, դա նպաստում է նման վարքագծի նորմալացմանը, և հասարակության մեջ նվազում է այն զգացումը, որ նման արարքներն անընդունելի են։ Այսպիսով, աճում է վտանգը, որ խոսքի ագրեսիան ի վերջո կարող է վերաճել ֆիզիկական բռնության, քանի որ անգործությունը ոգեշնչում է բռնարարներին։
Չնայած այս թերություններին, պետք է նշել, որ կան որոշակի դրական քայլեր։ Վրաստանի հանրային պաշտպանը (օմբուդսմենը) և մի շարք հասարակական կազմակերպություններ ակտիվորեն արձագանքում են ատելության լեզվի դեպքերին և կոչ են անում իշխանություններին՝ արձագանքել սկզբունքայնությամբ։ Վրաստանը նաև գտնվում է միջազգային պարտավորությունների կատարման փուլում. Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի համապատասխան հանձնարարականները պահանջում են, որ երկիրը ավելի ճկուն պայքարի ատելության հանցագործությունների դեմ։ 2019 թվականից սեռական ոտնձգությունները դարձան վարչական իրավախախտում, ինչը առաջընթաց է գենդերային բռնության դեմ պայքարում. սակայն ատելության լեզվի առումով իրավական դաշտը դեռևս թերի է։ Իշխանության պարտականությունն է գտնել հավասարակշռություն խոսքի ազատության հանդեպ հարգանքի և հասարակության շրջանում ատելության կանխարգելման միջև. այս հարցը շարունակում է մնալ օրակարգում։
Ատելության լեզուն կանանց նկատմամբ` հատկապես երբ նրանք հայտնվում են հանրային դաշտում, միայն հաղորդակցման կոպիտ ձև չէ, նաև խորապես արմատավորված սոցիալ-մշակութային բռնության գործիք է, որը հիմնվում է սեռային կարծրատիպերի վրա և նպատակ ունի կանանց մարգինալացնելու, վարկաբեկելու և հանրային տարածքից դուրս մղելու։ Կոնկրետ դեպքերը հստակ ցույց են տալիս, որ կանայք, որոնք խախտում են ավանդական գենդերային նորմերը և ներգրավվում քաղաքական կամ ակտիվ հանրային դերում, հաճախ դառնում են թիրախավորված ագրեսիայի զոհեր ոչ թե իրենց գործունեության, այլ սեռի, ծագման և համոզմունքների պատճառով։ Կանանց ուղղված ատելության լեզուն բազմաբնույթ վտանգ է ներկայացնում։ Մի կողմից՝ ոտնահարում է հենց այդ կանանց արժանապատվությունը և անվտանգության զգացումը. մյուս կողմից՝ ակնհայտ վտանգ է, որ նման թունավոր միջավայրը կնվազեցնի կանանց մասնակցությունը հանրային կյանքին։ Երբ կին քաղաքական գործիչը, լրագրողը կամ իրավապաշտպանը ամեն օր տասնյակ վիրավորական մեկնաբանություններ է ստանում սոցիալական ցանցերում կամ հեռուստաեթերից, բնականաբար մեծանում է նրանց ինքնագրաքննության և հանրային կյանքից դուրս մնալու հավանականությունը։ Այս ամենը վնաս է հասցնում նաև ժողովրդավարական գործընթացին` «խորհուրդները, փորձը և որակավորումը, որոնք կարող էին կանայք բերել քաղաքականություն կամ մեդիա դիսկուրս, հասարակության մի մասն այլևս չի կարող ստանալ միայն այն պատճառով, որ ատելության ալիքը նրանց նահանջի է մղել։
Մասնագետները նշում են, որ գենդերային խտրական բառապաշարի նորմալացումը նպաստում է կանանց նկատմամբ «բռնության աճին», քանի որ անպատժելիությունն ու հրապարակային լեգիտիմացումը ավելի են քաջալերում բռնարարներին։
Չնայած դրան՝ ֆեմինիստական շարժումները, քաղաքացիական հասարակությունը և առաջադեմ մտածող խմբերը կարևոր դեր են խաղում այս բացասական պրակտիկայի դեմ պայքարում։ Անհրաժեշտ է պետական ինստիտուտների, մեդիայի և հասարակության համախմբված ջանք, որպեսզի ստեղծվի հավասար և անվտանգ միջավայր, որտեղ կին քաղաքական գործիչներն ու առաջնորդները կարողանան իրականացնել իրենց մասնագիտական ներուժն առանց բռնության հանդեպ վախի։
Ատելության խոսքը և հայատյացությունը վրացական քաղաքականության մեջ
Ատելության խոսքի իրավական կարգավորումը. համեմատական վերլուծություն` Արևմուտքը և Վրաստանը