Եղբայրս արգելում է կրթություն ստանալ. գենդերային հիմքով բռնությունը` նորմալ երևույթ Ախալքալաքում

Լուսանկարը՝ Սոֆիա Ստավրոգինայի

Վրաստանում այս օրերին նշվում է «Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյակը»: «Կանանց նկատմամբ բռնություն» արտահայտությունը շատերի մոտ ասոցացվում է ֆիզիկական բռնության հետ, սակայն դա միայն կապտուկների տեսքով չէ, որ կարող է հետք թողնել: Բռնության հետքերը տարբեր կանանց մոտ տարբեր են լինում, ոմանց դեպքում հոգեբանական տրավմաներ են, տոքսիկ հարաբերություններ, ոմանց դեպքում արգելքների պատճառով այդպես էլ չկատարված երազանքներ, ոմանց դեպքում՝ ամենաքիչը, սահմանադրականորեն յուրաքանչյուրիս համար հասանելի բարձրագույն կրթություն ստանալու խեղված իրավունք: 

Թվում է՝ ո՞վ կարող է սահմանափակել որևէ մեկին տրված սահմանադրական ու բարոյական իրավունքը՝ ապրել, սովորել, կրթություն ստանալ. այսօր, սակայն, դեռևս կան նման գյուղեր, օրինակ Ախալքալաքի շրջանում: 

Ախալքալաքի որոշ գյուղերում սահմանափակված են հիմնականում աղջիկների ազատ տեղաշարժի և կրթություն ստանալու իրավունքը։ Այստեղ նույնիսկ դպրոց կա, որում հատուկ կառուցված լողավազանն աղջիկներն իրենց աչքով չեն տեսել. ասում են՝ ինչպե՞ս գնանք լողավազան, որտեղ տղաներն են: 

«Դպրոցն ավարտելուց հետո ընտանիքիս տղամարդիկ՝ հատկապես մեծ եղբայրս, արգելել են ուսումս, ինչպես ընկերուհիներս, շարունակել Թբիլիսիի բուհերում: Մերոնց համար դա անընդունելի է: Հիմա հիմնականում տանն եմ լինում, մեր գյուղում, ու պանդեմիայի շնորհիվ հնարավորություն եմ ունենում գոնե առցանց դասընթացների մասնակցել, այս կերպ կրթվել․․․»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Ախալքալաքի շրջանում բնակվող Անահիտ Սերոբյանը (անունը փոխված է, խմբ.)։

Անահիտը պատմում է, որ իր գյուղում այն փաստը, որ աղջիկներն ու տղաները կարող են իրար հետ շփվել դպրոցում, արդեն մեծ առաջընթաց է: Նախկինում գենդերային խիստ խտրականություն կար՝ աղջիկները բացարձակ իրավունք չունեին տղաների հետ խոսելու: 

Անահիտի ընկերուհիներից՝ Միլենան, պատմում է գյուղի բարքերի, վաղ ամուսնության մասին.

«Տարիներ առաջ ավելի բարդ իրավիճակ էր գյուղում, աղջիկներից շատերին ծնողները թույլ չէին տալիս նույնիսկ դպրոցն ավարտել, 9֊րդ դասարանից հանելով դպրոցից, հորդորում էին ամուսնանալ։ Մի քանի տարի առաջ դպրոցում և դասարաններում աղջիկները և տղաները բաժանված էին 2 խմբերի, դասընկերների միջև շփում չկար։ Արդեն համակերպվել ենք նման մտածելակերպով և ավանդույթներով մեր գյուղի ապրելակերպին։ Եթե սկզբում ցանկություն կար սովորելու, ապա տարիների ընթացքում այդ ցանկությունը մարում է՝ տեսնելով գյուղի աղջիկների նմանատիպ վիճակը։ Ես ինքս, տեսնելով  շրջապատի աղջիկների վիճակը, երբևէ չեմ մտածել ուսումս շարունակելու ուղղությամբ, բայց քանի որ իմ ընտանիքում չի եղել այդ սահմանափակումը, ընտանիքս հորդորեց, որպեսզի շարունակեմ ուսումս»։

Նախորդ տարիների հետ համեմատ գյուղում աճել է ուսանողների թիվը, հիմնականում այսպես ասած ժամանակակից ընտանիքների աղջիկները սովորում են, բայց ավելի մոտ ու վերահսկելի վայրում՝ Ախալքալաքի համալսարանում, որտեղ կա երկու բաժին՝ Վրաց լեզվի մասնագետ և էկոնոմիկա։ Ասում է՝ չեն արգելում ուսում ստանալ, բայց այս դեպքում աղջիկների փոխարեն ընտրում են մասնագիտությունը․  

«Ճիշտ է իմ դեպքում սովորելու հետ կապված խնդիր չի եղել, ի տարբերություն հասակակից աղջիկների, քանի որ ընտանիքս նորմալ է վերաբերվում ուսում ստանալու հարցին, սակայն մասնագիտությունս ընտրել եմ ծնողներիս ցանկությամբ, ընտրել եմ մանկավարժական բաժին, ինչը իմ սրտով չէ։ Գյուղի աղջիկները հիմնականում սովորում են մանկավարժական բաժնում, որպեսզի հետագայում կարողանան գյուղի պայմաններում աշխատել»։

Սուսաննան, ով ևս  բնակվում է Ախալքալաքի շրջանում, մեզ հետ զրույցում ասում է, որ գենդերային անհավասարությունն իր գյուղում չափազանց վառ է արտահայտված.

«Նման սահմանափակումներ չեն գործում տղաների դեպքում, նրանք ազատ են իրենց ցանկություններում։ Ընտանիքում ծնողները միշտ առավելություն են տալիս տղա երեխային, իսկ աղջկա իրավունքները սահմանափակում են։ Շատ դեպքերում աղջիկների առջև ավելի շատ արգելքներ դնում են մեծ եղբայրները՝ ելնելով գյուղի մտածելակերպից»։

Բոլոր աղջիկներին այստեղ մեկ ցանկություն է միավորում՝ գյուղում ունենալ ժամանցի կենտրոն, փոքրիկ կրթական հաստատություն, որտեղ գյուղի երիտասարդները հնարավորություն կունենան մասնակցել դասընթացների, զբաղվել իրենց սիրելի հոբբիով, զարգացնել իրենց ունակությունները տարբեր ոլորտներում։

Սոցիալական աշխատող Նինո Ջգարկավայի խոսքով, կրթության ու մասնագիտության ընտրության հարցը չափազանց կարևոր է, ուստի այս թեմայի շուրջ որոշումները բացառապես տվյալ անձի կողմից պետք է կայացվեն. 

«Յուրաքանչյուր անձ օրենքով իրավունք ունի կրթություն ստանալու։ Թե՛ կանայք և թե՛ տղամարդիկ հավասար իրավունքներ ունեն սովորելու ինչպես դպրոցում, այնպես էլ համալսարանում։ Չնայած այս ամենին, ցավալի է, որ մինչև այսօր այս հարցն արդիական է որոշ գյուղերում։ Ուսում ստանալն առաջին հերթին օգնում է աղջիկներին դառնալ ինքնուրույն, ունենալ իրենց եկամուտը և լինել պաշտպանված ցանկացած բռնությունից։ Շատ աղջիկներ պետք է իրենց ձայնը բարձրացնեն թե՛ հոգեբանական և թե՛ ֆիզիկական բռնության դեպքում։ Ինչ վերաբերում է մասնագիտություն ընտրելու հարցին, ապա մասնագիտության ընտրությունը ամենակարևոր որոշումն է, որը յուրաքանչյուր մարդ պետք է ինքնուրույն կայացնի, քանի որ հետագայում ինքը պետք է աշխատի այդ ոլորտում։ Դրա համար կարևոր է, որ այդ որոշումը կայացնելուց ծնողների ցանկությունը չլինի, այլ տվյալ անձի»: