Կառավարությունը 1,1 մլն լարի է հատկացրել հոկտեմբերի 3-ի ընտրությունների համար

Վրաստանի կառավարության պահուստային ֆոնդից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) կհատկացվի 1 մլն 117 հազար լարի։ Այս որոշումը կայացվել է օգոստոսի 31-ին` վարչապետ Իրակլի Կոբախիձեի ստորագրությամբ։

Համապատասխան որոշման համաձայն՝ նշված գումարը կուղղվի 2026 թվականի հոկտեմբերի 3-ին կայանալիք մունիցիպալիտետների ներկայացուցչական մարմինների՝ սակրեբուլոների միջանկյալ ընտրությունների ֆինանսավորմանը։

Որոշման համաձայն՝ գումարի հատկացումը «Վրաստանի 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից կապահովի Վրաստանի ֆինանսների նախարարությունը։

Հիշեցնենք, որ Վրաստանի չորս մունիցիպալիտետների սակրեբուլոներում թափուր տեղերը լրացնելու համար միջանկյալ ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 3-ին։ Խոսքը Վանիի, Ծալկայի, Դմանիսիի և Ախմետայի մունիցիպալիտետների մասին է, որտեղ կընտրվեն սակրեբուլոների չորս մեծամասնական անդամներ։ Այս անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել էին։

Միջանկյալ ընտրությունների համար ընդհանուր առմամբ կբացվի յոթ ընտրատեղամաս, որոնցից չորսում կօգտագործվեն էլեկտրոնային վերիֆիկացիայի և քվեների հաշվարկման սարքեր։ Քաղաքացիները կընտրեն նշված մունիցիպալիտետների սակրեբուլոների չորս մեծամասնական անդամներին։

Հոկտեմբերի 3-ի միջանկյալ ընտրություններին մասնակցում են «Վրացական երազանք» և «Ուժեղ Վրաստան/Լելո» կուսակցությունները։