Կառավարությունը սկսում է պնդուկի արտադրության խթանման ծրագիր

Վրաստանի կառավարությունը սկսում է պնդուկի արտադրության խթանման ծրագիր։ Գործադիրի նիստում հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ընդգծելով, որ նախատեսվում է սուբսիդավորել պնդուկի աճեցման և պահպանման համար անհրաժեշտ ապրանքների ինքնարժեքը, որի համար առաջին փուլում կհատկացվի մոտավորապես 20 մլն լարի։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան պարզաբանել է առաջիկա նախագծի նպատակը։

«2017 թվականից ի վեր արտահանվող այս կարևոր մշակաբույսը բախվել է որոշակի խնդիրների և՛ բերքատվության, և՛ որակի առումով։ Միևնույն ժամանակ 2019-ից բարձրացել է և՛ բերքատվությունը, և՛ որակը։ 2021 թվականին պնդուկի բերքի արտահանումից ստացված եկամուտը կազմել է ավելի քան 115 միլիոն դոլար, սակայն 2022 թվականին վատ եղանակի պատճառով գյուղացիները չեն կարողացել պատշաճ կերպով խնամել բերքը, ինչի պատճառով իրացումը նվազել է։ Ուստի այսօր անհրաժեշտություն է առաջացել աջակցել մեր ֆերմերներին», — ասել է Օթար Շամուգիան։