Կարկուտից վնասված Կարմիր գյուղի բնակիչներին տանիքի մետաղական ծածկեր են տրամադրվել

Մառնեուլիի քաղաքապետարանը շրջանի Կարմիր գյուղի բնակիչների կարկուտից կրած վնասները փոխհատուցել է՝ տրամադրելով տանիքի մետաղական ծածկեր։ Ըստ քաղաքապետարանի՝ բնակիչներին կտուրներով ապահովելու գործընթացն արդեն մեկնարկել է:

«Կարմիր գյուղում տանիքների ծածկերի բաշխմանը ներկա են եղել կենտրոնական իշխանության ներկայացուցիչներ, Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին, փոխքաղաքապետեր Զաուր Տաբատաձեն և Լաշա Լոբջանիձեն, ինչպես նաև Մառնեուլիի ավագանու փոխնախագահ Մամուկա Նավերիանին»,- նշված է քաղաքապետարանի տարածած հայտարարությունում:

Կտուրները փուլ առ փուլ կփոխանցվեն մինչև 400 ընտանիքի, ինչի համար կենտրոնական բյուջեից հատկացվել է 660 հազար լարի:

Հիշեցնենք՝ հուլիսի 11-ին Մառնեուլիի շրջանում տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել հայաբնակ Կարմիր գյուղին՝ ավերվել են տանիքները, ոչնչացվել է հեկտարներով բերքը, որը գյուղի ապրուստի թեևս միակ միջոցն է, վնասվել են նաև մեքենաներ: Բերքի վնասի փոխհատուցման մասին քաղաքապետարանում դեռևս չեն խոսում: