Կարտոֆիլի արտերը հուլիսյան ցրտահարությունից տուժել են

Այս տարի բնությունն արդեն երկու լուրջ հարված է հասցրել Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչների բերքին. նախ` կարկուտ, հիմա՝ ցրտահարություն, հայտնում է Radio Nor-ը։

Հուլիսի 25-ի գիշերը սաստիկ ցրտահարությունը վնասել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղի կարտոֆիլի դաշտերի մի մասը։

Բնակիչներն ասում են, որ դա շատ վատ կանդրադառնա կարտոֆիլի բերքատվության վրա։ Մինչ այդ կարկուտն ավերել է կարտոֆիլի դաշտերը, հիմա էլ` ցրտահարությունը. սրանից հետո ոչինչ չի օգնի վերականգնել բերքատվությունը։

Այժմ Նինոծմինդայի մունիցիպալիտետի դաշտերում բերքն այլ տեսք ունի. կան արտեր, որոնք գրեթե չեն տուժել բնության քմահաճույքներից, բայց դաշտեր էլ կան, որտեղ անհուսալի վիճակ է։

Գյուղատնտեսության մասնագետները ֆերմերներին խորհուրդ են տալիս սպասել 1-2 օր, իսկ հետո բերքի մի մասը պահպանելու համար բուժում իրականացնել ֆունգիցիդներով, միկրոտարրերով և խթանիչներով։