Կարտոֆիլի բերքահավաքն ընթացքի մեջ է․ ի՞նչ են ասում ֆերմերները

Սամցխե-Ջավախեթիում շարունակվում է կարտոֆիլի բերքահավաքը, սակայն, ֆերմերների գնահատմամբ, բերքն այնքան էլ գոհացնող չէ։ Թբիլիսիի մեծածախ շուկաներում կարտոֆիլի գինը տատանվում է 1 լարիից (0,35 դոլար) մինչև 1,50 լարիի (0.53 դոլար) սահմաններում, իսկ մանրածախ շուկաներում` հիմնականում 1,50 լարիի սահմաններում։

EastFruit-ի գների մոնիտորինգի տվյալներով՝ նախորդ շաբաթ Վրաստանում կարտոֆիլի մեծածախ գները նախորդ շաբաթվա համեմատ աճել են 50 տոկոսով։ Վերջինս 0,8 լարի/կգ-ից (0,28 դոլար) դարձել է 1,2 լարի/կգ (0,42 դոլար): Մասնագետներն այս կտրուկ աճը պայմանավորում են մի քանի գործոնով։

Սամցխե-Ջավախեթիի ֆերմերների կարծիքով՝ քանի որ տարածաշրջանում երկամսյա երաշտը շարունակվում է, դա բացասաբար է ազդել բերքի քանակի և որակի վրա։  Ֆերմերները նշում են, որ սպասվածի համեմատ բերքը կտրուկ կնվազի։ Եթե սովորաբար` առանց ոռոգման, հեկտարից բերքատվությունը միջինում 10-12 տոննա էր, ապա հիմա` լավագույն դեպքում, ֆերմերը 5 տոննա բերք կհավաքի։

«6 հեկտար կարտոֆիլի դաշտ ունենք այս տարի, բերքի մեծ մասն արդեն հավաքել ենք, բնականաբար` այնքան էլ գոհ չենք։ Խոսքը վերաբերում է և՛ ոռոգված, և՛ չոռոգված դաշտերին։ Հատկանշական է, որ բերքահավաքի գործընթացը նույնպես դժվար է, քանի որ երաշտի պատճառով կարծրացած հողը վնասում է կարտոֆիլի պալարները` տրակտորով բերքը հանելիս», — «Ալիք Մեդիայի» հետ զրույցում պատմում է ֆերմեր Արարատ Գալոյանը։

Ֆերմերն ընդգծում է, որ դաշտերի ոռոգման համար հսկայական ռեսուսներ է ծախսել, բայց, միևնույն է, առանց բարենպաստ եղանակի ոռոգելն այնքան էլ արդյունավետ չի․

«Մոտ 2 հեկտար կարտոֆիլի դաշտ եմ ոռոգել, բայց էական տարբերություն չկա. 2 ամիս տևած չոր ու անանձրև եղանակն իր գործն արել է։ Դեռևս բերքը չեմ իրացրել, բայց տեղեկություն ունեմ, որ այս տարի կարտոֆիլի գինը չի ընկել, ու պատճառը պահանջարկը չէ, այլ կարտոֆիլի սակավությունը», — պարզաբանում է ֆերմերը։

Հատկանշական է, որ անցած սեզոնը հաջող էր Վրաստանի կարտոֆիլագործների համար՝ պայմանավորված Ռուսաստանից պահանջարկի մեծացմամբ. այս տարի գները, հավանաբար, կրկին բարձր կլինեն, բայց այս անգամ սակավության պատճառով։

Մեկ այլ ֆերմեր Ախալքալաքից` Սուրեն  Պապոյանը նկատում է, որ կարտոֆիլի անբավարար բերքը նաև համընկել է գնաճի հետ։

«Հույս ունեինք` աշնանը վառելիքի գները կնվազեն, այժմ անհնար է հողագործությունը պատկերացնել առանց գյուղատնտեսական տեխնիկայի, այդ թվում` տրակտորների։ Սակայն, սպասելիքները չարդարացան, հիմա ավելի շատ ռեսուրս ենք ծախսում` ստանալով ավելի քիչ բերք։ Հույս ունեմ, որ կարտոֆիլի գինը կրկին չի նվազի, ակնկալում ենք կայուն շուկա», — ասում է ֆերմերը։