Կաշին ու ոսկորն է մնացել․ Սաակաշվիլիի մայրը՝ որդու վիճակի մասին

Վրաստանի նախկին նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գյուլի Ալասանիան, լրագրողներին ասել է, որ Սաակաշվիլին շատ վատ վիճակում է` կաշին ու ոսկորն է մնացել, չի կարողանում շարժվել։

Մինչ այդ, Քրեակատարողական հիմնարկի բժշկական բաժնի ղեկավար Մալխազ Ուրթմելիձեն հայտարարել էր, որ Վրաստանի երրորդ նախագահը չի ենթարկվում բժիշկների ցուցումներին, հրաժարվում է դեղեր ընդունել։

«Մեկ ասում են՝ քաշը նվազում է, մեկ ասում են՝ ավելանում է։ Պարզվում է՝ չի սնվում, բայց գիրանում է, չգիտեմ՝ ինչպես է դա ստացվում։ Ես տեսնում եմ, որ նա շատ վատ վիճակում է․ կաշին ու ոսկորն է մնացել։ Չի կարողանում շարժվել, այլևս ուժ չունի»,- ասել է Գյուլի Ալասանիան։

Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գյուլի Ալասանիան, հակադարձել է պաշտոնյաներին՝ նշելով, որ որդին ենթարկվում է բժիշկների հրահանգներին։

Բացի այդ, Ալասանիան պատասխանել է Սահակաշվիլիի պատիժը հետաձգելու կամ այդ նպատակով Ստրասբուրգի դատարան հայց ներկայացնելու մասին հարցին՝ նշելով, որ հայցը կուղարկվի, երբ Հանրային պաշտպանի խոստացած՝ բժիշկների խորհուրդը զննի Սաակաշվիլիին։