Թբիլիսիի քաղաքապետ և «Վրացական երազանք»-ի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն Կախա Աբուլաձեին առաջադրել է մայրաքաղաքի փոխքաղաքապետի պաշտոնում: Կալաձեն իր որոշման մասին այսօր հայտարարել է քաղաքային խորհրդի նիստում:
Նրա խոսքով՝ Կախա Աբուլաձեն աչքի է ընկնում մանկապարտեզների ոլորտում իր փորձով. այդ ոլորտում նա մասնակցել է մի շարք հաջողված նախագծերի իրականացմանը:
Քաղաքապետարանի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ Կախա Աբուլաձեն 2023 թվականի հոկտեմբերից ղեկավարում է Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալությունը: Նշված է, որ նա բժշկական գիտությունների դոկտոր է և 2022 թվականից մանկավարժական գործունեությամբ է զբաղվում Թբիլիսիի պետական բժշկական համալսարանում:
Նախկինում նա եղել է Մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության երիտասարդական գործակալության ղեկավարի տեղակալ, նաև Թբիլիսիի քաղաքապետարանում երիտասարդության և սպորտի ոլորտում տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել:
Կալաձեի հավաստմամբ` Աբուլաձեն իր կուտակած գիտելիքներն ու փորձը կօգտագործի նաև փոխքաղաքապետի պաշտոնում: