Կղավելաշվիլին հանդիպել է Թուրքմենստանի Մեջլիսի նախագահին

«Վրացական երազանք»-ի խորհրդարանի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին հանդիպել է Թուրքմենստանի մեջլիսի նախագահ Դունիագոզել Գուլմանովային։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական հարաբերությունները և երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները։

«Հանդիպման ժամանակ նշվել է, որ բարձր մակարդակի այցելությունները նպաստում են երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը և համապարփակ համագործակցությանը։

Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Թուրքմենստանին Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ցուցաբերած աջակցության համար։

Հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ նոր աշխարհաքաղաքական իրականությունը զգալիորեն մեծացրել է Միջին միջանցքի արդիականությունը, և Վրաստանն անում է հնարավոր ամեն ինչ միջանցքի զարգացմանը, դրա անվտանգությանը և արդյունավետ գործունեությանը նպաստելու համար։

Կղավելաշվիլին հանդիպման ժամանակ հավաստիացրել է, որ Վրաստանը ողջունում է Թուրքմենստանի ակտիվ ջանքերը Կենտրոնական Ասիայում խաղաղության խթանման գործում։ Նրա խոսքով՝ Թուրքմենստանի խաղաղության քաղաքականությունը տարածաշրջանում նույնական է այն քաղաքականությանը, որը Վրաստանը վարում է Հարավային Կովկասում։ Հանդիպումը տեղի է ունեցել նախագահական պալատում», — ասված է նախագահի լրատվական ծառայության հաղորդագրության մեջ։