Քաղաքացիներն աջակցություն են հայտնում Վրաստանում գտնվող ուկրաինացիներին

Վրաստանի քաղաքացիները միավորվում են՝ օգնելու Վրաստանում ապրող ուկրաինացիներին, ովքեր չեն կարողանում վերադառնալ հայրենիք՝ ռազմական գործողությունների պատճառով, և նրանց առաջարկում են անվճար օթևանելու տեղ, տրանսպորտ և այլ օգնություն։

Ֆեյսբուքում ստեղծվել է խումբ, որի նպատակն է օգնել Վրաստանում բնակվող ուկրաինացիներին: Ուկրաինացիներին նաև օգնություն է առաջարկվում ճանապարհորդների համար նախատեսված՝ spend 4 seasons in Georgia մեծ խմբում: Այս խմբի անդամները պատրաստ են Ուկրաինայի քաղաքացիներին՝ իրենց տներում կամ հյուրանոցներում սենյակ տրամադրել:

—————————————————————————————————————

Ժամեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է մայրաքաղաք Կիևում և այլ խոշոր քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։

Նշենք նաև, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին ողջ երկրի տարածքում ռազմական դրություն է հայտարարել, նա հաստատել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական և սահմանապահ ենթակառուցվածքների վրա։