Քաղաքապետարանն ամառային ծրագրեր է կազմակերպում

Թբիլիսիի քաղաքապետարանը երիտասարդների համար հուլիսին կկազմակերպի սպորտային միջոցառումներ և արշավներ։ Նախաձեռնության մասին քաղաքապետարանի նիստում տեղեկացրել է քաղաքապետ Կախա Կալաձեն՝ հավելելով նաև, որ հուլիսին մանկապարտեզի տարիքի երեխաների համար էլ առաջարկում է ամառային մանկապարտեզ։

Կալաձեի խոսքով, ամառային մանկապարտեզները կսպասարկեն մինչև 17 հազար երեխայի, իսկ 5 հազար երիտասարդ կկարողանա օգտվել երիտասարդական ծրագրից։

Ամառային մանկապարտեզներում երեխաների գրանցումը հնարավոր կլինի իրականացնել հունիսի 20-ից հունիսի 30-ը www.kids.org.ge կայքում։ Ամառվա ընթացքում Թբիլիսիի ողջ տարածքում ընդհանուր առմամբ կաշխատի 45 ամառային մանկապարտեզ։

Կալաձեն նշել է, որ 18-ից 29 տարեկան երիտասարդները հնարավորություն ունեն մասնակցել տարբեր միջոցառումների (կարթինգ, մինի գոլֆ, հրաձգարան Լիսիի լճի շրջակայքում, լողավազան, ռաֆթինգ և արշավներ Թբիլիսիի ծայրամասերում)։