ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության անդամ և նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակից Քիմբերլի Լոուն պնդել է, որ ԱՄՆ նախագահն իր մասնակցությամբ է մայիսի 26-ին «Վրացական երազանք»-ի ընտրած Վրաստանի 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիին շնորհավորական նամակ գրել:
«Ես Վրաստանի վարչապետի նամակն ուղարկել եմ Վաշինգտոնի համապատասխան ալիքներին, որպեսզի ուղարկեն նախագահ Թրամփին, և նա պատասխանել է», — գրել է Քիմբերլի Լոուն Facebook-ում՝ հղում տալով «Ռուսթավի 2»-ի հրապարակած լուրին, որը վերաբերում էր Կղավելաշվիլիին ուղարկած Թրամփի նամակին։
Մայիսի 27-ին Կղավելաշվիլիի մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է իր գործընկերոջը Անկախության օրվա կապակցությամբ։
«Իմ վարչակազմը հանձնառու է Վրաստանի կառավարության հետ խաղաղ և արդյունավետ հարաբերությունների ամրապնդմանը։ Ես անհամբեր սպասում եմ մեր երկրների միջև տնտեսական կապերի խորացմանը՝ արդար առևտրին աջակցելու և երկկողմ համագործակցության շրջանակը ընդլայնելու միջոցով։ Ես անկեղծորեն շնորհավորում եմ վրաց ժողովրդին այս կարևոր ամսաթվի կապակցությամբ, որը արտացոլում է երկրի ականավոր և բազմազան պատմությունը», — ըստ Կղավելաշվիլիի մամուլի ծառայության` գրել է Թրամփը։
Մայիսի 13-ին «Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետը հրապարակեց բաց նամակ՝ ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջ.Դ. Վենսին։ Կոբախիձեն նշեց, որ մի քանի շաբաթ առաջ վրաց-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ իր գրած նամակը, որում նա պատրաստակամություն էր հայտնել հարաբերությունները սկսել «մաքուր էջից», մնացել է անպատասխան. նա կարծում է, որ սա զարմանալի է, քանի որ «Վրացական երազանք»-ի և ԱՄՆ ներկայիս վարչակազմի միջև արժեքների մերձեցում կա։
Մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորեց վրաց ժողովրդին Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ։ Նա չհիշատակեց «Վրացական երազանք»-ի կառավարությանը։
Թրամփից Կղավելաշվիլիի վարչակազմի ստացած նամակի մասին հրապարակումից հետո «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հանրային հեռարձակողի ուղիղ եթերում ասել է, որ «երկու օրվա ընթացքում մենք տեսել ենք երկու տարբեր նամակ. մեկը՝ Պետդեպարտամենտից, մյուսը՝ նախագահական վարչակազմից։ Առաջին նամակը գրել է Պետդեպարտամենտը, իսկ երկրորդ նամակը՝ նախագահ Թրամփի վարչակազմը։ Կա արմատական տարբերություն, և սա արդեն ցույց է տալիս այն պայքարը, այն դիմակայությունը, որը տեղի կունենա նոր վարչակազմի և Պետդեպարտամենտի միջև»։