Քուռ գետի պատահարի կապակցությամբ մեղադրյալ կա

Մայիսի 14-ին Քուռ (Մտկվարի) գետի ձախ ափին տեղի ունեցած ավտովթարից հետո, որի հետևանքով մեքենան ընկել էր գետը, երեք մարդու մահվան գործով դատախազությունը մեղադրանք է ներկայացրել մեկ անձի։

Դատախազության տվյալներով՝ Ներքին գործերի նախարարության ձեռնարկած քննությամբ պարզվել է, որ մայիսի 14-ին Թբիլիսիում Քուռ գետի ձախ ափին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է չորս ուղևորով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «Ֆորդ»-ն ընկել է Քուռ գետը։

Դատախազության հաղորդմամբ՝ մեղադրյալը ձերբակալվել է նույն օրը։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 8-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության կամ մեքենավարման կանոնների խախտում, որը հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան), որը նախատեսում է մինչև 10 տարի ազատազրկում։

Դատախազությունն օրենքով սահմանված ժամկետում դիմել է դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությամբ։