Քութայիսիի միջազգային օդանավակայանի բացումը հետաձգվել է

Քութայիսիի միջազգային օդանավակայանի բացումը հետաձգվել է ևս մեկ շաբաթով՝ մինչև հոկտեմբերի 31-ը, այսօր հայտնել է Էկոնոմիկայի նախարարությանը կից Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան։

Հոկտեմբերի 10-ին Քութայիսիի միջազգային օդանավակայանը փակվել է թռիչքուղու վերանորոգման պատճառով։ Նախատեսվում էր, որ չվերթները կվերսկսվեն հոկտեմբերի 24-ին, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով աշխատանքները երկարաձգվել են։

«Օդերևութաբանական անբարենպաստ պայմանների պատճառով թռիչքուղու վրա աշխատանքները դեռ շարունակվում են, իսկ Քութայիսիի միջազգային օդանավակայանից թռիչքները կվերսկսվեն հոկտեմբերի 31-ից», — նշված է հաղորդագրության մեջ։

Այս տեղեկությունը ուղևորներին հայտնել են Քութայիսիի օդանավակայանում գործող ավիաընկերությունները (Wizz Air, Wizz Air Abu Dhabi, FlyArystan)։ Մինչև վերանորոգման ավարտը չվերթներ կիրականացվեն Թբիլիսիի միջազգային օդանավակայանից։