Կիևի և Թբիլիսիի հարաբերությունները խաթարվել են Սաակաշվիլիի պատճառով

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ազգային հեռուստամարաթոնի եթերում խոսել է Վրաստանում Ուկրաինայի դեսպանի նշանակման և երկու երկրների հարաբերությունների մասին, փոխանցում է 24tv.ua-ն:

Կուլեբայի խոսքով՝ Վրաստանում Ուկրաինայի դեսպանի նշանակման գործընթացն արդեն ավարտական ​​փուլում է, բայց թե դիվանագետը երբ կմեկնի Վրաստան՝ արդեն քաղաքական հարց է։ Կուլեբան նշել է, որ Կիևը փորձում է սերտ դիվանագիտական ​​կապեր հաստատել Թբիլիսիի հետ։

«Մենք ոչինչ չենք արել։ Մենք մատ չենք շարժել Վրաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար: Ընդհակառակը, մենք մեծ ներդրումներ ենք կատարել մեր հարաբերությունները զարգացնելու համար»,- ասել է Կուլեբան։

Կուլեբան, սակայն, հավելել է, որ վրացի և ուկրաինացի ժողովուրդների հարաբերությունները թեև բարեկամական են, բայց նույնը չի կարելի ասել Վրաստանի կառավարության հետ հարաբերությունների մասին, և դրա պատճառը Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի վիճակն է: Կուլեբան ասել է, որ պաշտպանելու է Սաակաշվիլիի և առհասարակ ուկրաինական անձնագիր ունեցող ցանկացած մարդու իրավունքները։

«Վրացական իշխանությունները դանդաղորեն սպանում են Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին։ Նրա մասին՝ որպես քաղաքական գործչի, կարող են մտածել ինչ ուզում են, բայց ինձ համար՝ որպես արտաքին գործերի նախարարության ղեկավար, նա Ուկրաինայի քաղաքացի է։ Ես կպայքարեմ նրա համար»,- ասել է Կուլեբան։