Կոբախիձեն հանդիպել է ՀՀ արդարադատության նախարարին

Screenshot

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, որը Թբիլիսիում է գտնվում վրաց-հայկակական իրավական ֆորումի շրջանակներում։ Հանդիպման մասին տեղեկացրել է Վրաստանի կառավարությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը և բարիդրացիական հարաբերությունները։

Կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի համագործակցության հարցերը երկկողմ և միջազգային ձևաչափերով։ Ուշադրություն է դարձվել Վրաստանի և Հայաստանի միջև արդարադատության ոլորտում արդյունավետ գործընկերությանը և այդ ուղղությամբ երկրների միջև փորձի փոխանակման կարևորությանը։

Շեշտվել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման, նաև տարածաշրջանի երկարաժամկետ ու կայուն զարգացման կարևորությունը։

Կառավարության աշխատակազմում կայացած հանդիպմանը մասնակցել են արդարադատության նախարար Պաատա Սալիան, կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին, Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը և Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն։