«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավար Մամուկա Մդինարաձեին շնորհել է հերթական ավագ հատուկ կոչումը՝ պետական անվտանգության գնդապետ։ Համապատասխան հրամանը հրապարակվել է ապրիլի 8-ին։ Հրամանում նշված է, որ Պետական անվտանգության ծառայության պետին և պետական անվտանգության փոխգնդապետին ժամկետից շուտ շնորհվում է հերթական հատուկ կոչումը։
Հիշեցնենք, որ Իրակլի Կոբախիձեն ուղիղ մեկ ամիս առաջ էր Մամուկա Մդինարաձեին շնորհել փոխգնդապետի կոչում։ Մինչ այդ անվտանգության ծառայությունում նրան կոչումների շնորհումն ընթացել է հետևյալ կերպ.
- 2025 թվականի սեպտեմբերի 3-ին շնորհվել է պետական անվտանգության լեյտենանտի կոչում;
- 2025 թվականի հոկտեմբերի 23-ին` պետական անվտանգության ավագ լեյտենանտի կոչում;
- 2025 թվականի դեկտեմբերի 25-ին` պետական անվտանգության կապիտանի կոչում;
- 2025 թվականի դեկտեմբերի 26-ին (մեկ օր անց)՝ պետական անվտանգության մայորի կոչում։
Հատկանշական է, որ պետական հատուկ կոչումների շնորհումը սահմանվում է օրենքով, որի համաձայն` Վրաստանի պետական անվտանգության ծառայության համակարգում սահմանված են հետևյալ հատուկ կոչումները.
ա) կրտսեր հատուկ կոչում – շարքային, կրտսեր սերժանտ, սերժանտ, ավագ սերժանտ, ենթասպա,
բ) միջին հատուկ կոչում – կրտսեր լեյտենանտ, լեյտենանտ, ավագ լեյտենանտ, կապիտան,
գ) ավագ հատուկ կոչում – մայոր, փոխգնդապետ, գնդապետ,
դ) բարձրագույն հատուկ կոչում – գեներալ-մայոր, գեներալ-լեյտենանտ, գեներալ-գնդապետ։
Ելնելով սրանից՝ Մամուկա Մդինարաձեն այժմ արդեն ունի ավագ հատուկ կոչումների շարքում ամենաբարձրը։ Դրանից հետո հաջորդում են բարձրագույն հատուկ կոչումները, որոնք, ըստ օրենքի, շնորհում է Վրաստանի նախագահը՝ Վրաստանի վարչապետի համաստորագրությամբ։
Ինչ վերաբերում է հատուկ կոչման ժամկետից շուտ շնորհմանը, ըստ օրենքի, ծառայողին հատուկ կոչումը ժամկետից շուտ շնորհվում է.
ա) գնահատման արդյունքների հիման վրա.
բ) բացառիկ ծառայությունների համար.
գ) բարեխիղճ ծառայության համար՝ որպես խրախուսանք։