Կորոնավիրուսով վարակման 100 դեպքից 20-ը երեխաների մոտ է արձանագրվում

Վրաստանում աճել է կորոնավիրուսով վարակման և երեխաների հոսպիտալացման մակարդակը։ Այս պահին հանրապետությունում վարակման յուրաքանչյուր 100 դեպքից 20 երեխա է, իսկ 100 վարակված երեխայից 9-ին անհրաժեշտ է հոսպիտալացում։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն և Իմունականխարգելման խորհրդատուների ազգային տեխնիկական խմբի ղեկավար Իվանե Չխաիձեն։ 

Ըստ Չխաիձեի, այս ֆոնին շատ կարևոր է պատվաստումների մակարդակի բարձրացումը, այդ թվում՝ 12-ից 15 տարեկան երեխաների մոտ։ 

«Վրաստանում կորոնավիրուսի պատճառով 8 երեխա է մահացել։  Նրանցից շատերը վարակված են եղել «Դելտա» կամ այն ​​տարբերակով, որն այժմ շրջանառվում է երկրում։  Յուրաքանչյուր 100 երեխայից 9-ը հոսպիտալացման կարիք ունի»,- ասել է Չխաիձեն։ 

Չխաիձեն նշել է, որ 12-15 տարեկան երեխաների պատվաստումը մոտ 20-25%-ով նվազեցնում է վարակման և հոսպիտալացման մակարդակը։  Ինչպես պարզաբանել է Չխաիձեն, Վրաստանում այս տարիքային խմբին է պատկանում 200 հազար երեխա, և նրանցից 50 հազարի պատվաստումը մեծ առաջընթաց կլինի կորոնավիրուսի դեմ պայքարում։ 

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր