Լագոդեխիում քաղաքացին պարբերաբար ժամկետանց մթերք է գնել որպես կենդանիների կեր, փոխել է դրանց պիտանելիության ժամկետը և վաճառել բնակչությանը։ Քննչական ծառայության հաղորդմամբ՝ կյանքի և առողջության համար վտանգավոր ապրանքի իրացման փաստով ձերբակալվել է Վրաստանի մեկ քաղաքացի։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը 2025-2026 թվականներին գնել է տարբեր անվանումներով բրենդային ժամկետանց մթերքներ, որոնք պետք է օգտագործվեին որպես կենդանիների կեր։
Ձերբակալված անձը, տնայնագործական եղանակով պատրաստված կնիքի միջոցով, փոխել է արտադրանքի պիտանելիության ժամկետը, և այդ մթերքն իրացրել Լագոդեխիի մունիցիպալիտետի Քվեմո Գուրգենիանի գյուղում՝ իր բնակելի տան բակից։
Խուզարկության արդյունքում մեղադրյալի բնակելի տան բակում գտնվող պահեստային տարածքից և ավտոմեքենայից առգրավվել է մեծ քանակությամբ տարբեր անվանումների բրենդային ժամկետանց արտադրանք, պիտանելիության ժամկետը փոխելու համար տնայնագործական եղանակով պատրաստված կնիք, նաև ժամկետանց արտադրանքի իրացումից ստացված դրամական միջոցներ։
Գործի քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի առաջին մասով», — ասված է Ֆինանսների նախարարության քննչական ծառայության հաղորդագրության մեջ։