Լարս տանող թունելի հորատման աշխատանքն ավարտվել է

Վրաց-ռուսական սահմանի մոտակայքում սկսված Քվեշեթի-Կոբի 23 կմ ճանապարհի վրա Քվեշեթի գյուղը Կոբի գյուղի հետ կապող 9 կմ երկարությամբ թունելի հորատման աշխատանքն ավարտվել է: Տեղեկությունը տարածել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:

Նոր՝ 9 կմ երկարությամբ և 15 մ տրամագծով թունելը կլինի ամենաերկարը Վրաստանում և եզակիներից մեկն աշխարհում՝ իր առանձնահատկություններով։ Հորատման աշխատանքի ավարտից հետո 9 կմ երկարությամբ թունելում սկսվում են վերջնական փորումները, էլեկտրատեխնիկական և ինժեներական համակարգերի տեղադրումը, ճանապարհի սալահատակը։ Քվեշեթի-Կոբի ծրագրի շրջանակներում կառուցվում է ընդհանուր առմամբ 23 կմ 2 գոտով ասֆալտբետոնե լուսավորության համակարգով ճանապարհ, որը ներառում է 5 կամրջի և 5 թունելի կառուցում և 1 կամրջի վերականգնում։ Ծրագիրը նախատեսում է դեպի Գուդաուրի նոր 5 կմ ճանապարհի և տուրիստական ​​կենտրոնի կառուցում:

Ներկայումս Քվեշեթիից Կոբի ճանապարհորդութունը տևում է 1 ժամ, և ձնահոսքի վտանգի պատճառով հաճախ արգելվում է երթևեկությունը. ծրագրի ավարտից հետո երթևեկությունը  կտևի ընդամենը 15 րոպե։

Ծրագիրը սոցիալական մեծ ազդեցություն կունենա այն տասը գյուղերի համար, որոնց բնակչությունը մի քանի ամիս մնացել էր առանց ճանապարհային կապի և չուներ բժշկական, կրթական կամ կենցաղային ծառայություններից օգտվելու հնարավորություն։ Նոր ճանապարհը կլուծի նաև ձմռանը տարանցիկ երթևեկության հաճախակի սահմանափակումների խնդիրը: Քվեշեթի-Կոբի 23 կմ ճանապարհի շինարարությունը փուլ առ փուլ կավարտվի 2024-2025 թվականներին:

Քվեշեթի-Կոբի ճանապարհաշինական ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ֆինանսական աջակցությամբ, իսկ թունելի կառուցման մասը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1,2 մլրդ լարի: