Լարսում վերականգնվել է մարդատար մեքենաների երթևեկությունը

Ձնամաքրման ինտենսիվ աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում թեթև մարդատար մեքենաների երթևեկությունը վերականգնվել է։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը:

Նշվում է, որ մերկասառույցի պատճառով նույն հատվածում արգելվում է կցորդով և կիսակցորդ տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգ առնելու` միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։

Ճանապարհների վարչությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, պատշաճ տրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին։