Լեռնային Ղարաբաղի շրջափակման խնդիրը վրացական մամուլում

Լեռնային Ղարաբաղը 38 օր է շրջափակման մեջ է։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է Լաչինի միջանցքը, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին ու մնացած աշխարհին կապող միակ ճանապարհն է։

«Ազատություն» ռադիոկայանը հոդված է հրապարակել «Մեկ ամիս շրջափակման մեջ. ինչպես է ղարաբաղյան ճգնաժամը Հայաստանին հեռացնում Կրեմլից» վերնագրով։

Շրջափակման պատճառներին անդրադառնալով` «Ազատություն» ռադիոկայանի վրացալեզու լրատվական կայքը գրում է․ «Ադրբեջանի կառավարության աջակցությամբ ցուցարարները բնապահպանական դրդապատճառներով փակել են ճանապարհը։ Նրանք պահանջում էին ստուգել Ղարաբաղի ոսկու հանքերը և դադարեցնել ապօրինի արդյունահանումը։ Ռուս խաղաղապահները չեն դիմադրել»։

«Լեռնային Ղարաբաղում պարենային խանութները դատարկվում են. մեկ ամիս է վիճելի տարածաշրջանը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, փակ է, որը վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից»,- նշվում է հոդվածի սկզբում, իսկ շարունակությունն արդեն Լեռնային Ղարաբաղի կառավարության որոշման՝ սնունդը կտրոններով վաճառելու մասին է։

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո կառավարությունը հայտարարել էր, որ նախատեսում է սննդի կտրոններ բաժանել իր 100,000 բնակիչներին՝ ամսական ընդամենը մեկ կիլոգրամ մակարոնեղեն, հնդկաձավար, բրինձ, շաքարավազ և մեկ լիտր ձեթ:

Հյուսիսային և Հարավային Կովկասի անցուդարձը լուսաբանող OC media-ի տնօրեն, մասնագիտությամբ լրագրող և վերլուծաբան Մարիամ Նիկուրիաձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է․

«Իմ կարծիքով, վրացական հիմնական լրատվամիջոցներում այս թեմային՝ Ղարաբաղի դե ֆակտո հանրապետության շրջափակմանը պատշաճ ուշադրություն չի դարձվում, ինչը ցավալի է, քանի որ դա տեղի է ունենում մեր հարևանությամբ, և այդ իրադարձությունները, բնականաբար, մեծ ազդեցություն են ունենում մեր ողջ տարածաշրջանի վրա»։

Նրա ընդգծմամբ` ակնհայտ է, որ կան լրատվամիջոցներ, որոնք լուսաբանում են Ղարաբաղի հարցը, բայց դրանք հիմնականում առցանց լրատվամիջոցներն են։

«Ցավալի է, որ հեռուստաընկերությունները կոնկրետ այս թեմային պատշաճ ուշադրություն չեն դարձնում, չեն լուսաբանում` ավելի բարձրացնելու համար այս խնդրի մասին իրազեկվածության աստիճանը»։ Եվ սա միայն շրջափակման մասին չէ, այլ ընդհանրապես Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության», — ասում է վերլուծաբանը։

«Ազատություն» ռադիոկայանը մեջբերում է նաև Ստեփանակերտ քաղաքում գտնվող լրագրող Սիրանուշ Սարգսյանի տեղեկությունը․ «Այսօր ես լուսանկարներ էի անում խանութում և հասկացա, որ գրեթե մոռացել եմ, թե ինչ տեսք ունի բանջարեղենը։ Ես դա վաղուց չեմ տեսել։ Երեխաների կերակրումը մայրերի ամենամեծ խնդիրն է։ Տակդիրներ ևս չեն ստանում»:

On.ge-ն OC Media-ի հետ համագործակցությամբ հրապարակել է «Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ է» վերնագրով հոդված` նշելով․

«Դեկտեմբերի 12-ին «էկոակտիվիստ» համարվող ադրբեջանցի քաղաքացիական անձինք մտան Լաչինի միջանցք՝ փաստացի շրջափակելով Լեռնային Ղարաբաղը։ Քանի որ տարածաշրջանը Հայաստանին և մնացյալ աշխարհին կապող ուղին կտրվել է, տարածաշրջանի մարդիկ վախենում են մոտալուտ հումանիտար ճգնաժամից»։

«Դեղատներում հակաբիոտիկների, ցավազրկողների սուր պակաս կա, մանկական սննդի պակաս կա: Կաթ ու ձու այլևս չեն վաճառվում մթերային խանութներում։ Պարենային պաշարների սակավության պատճառով նախատեսվում է հունվարի 20-ից ներդնել կտրոնային համակարգը»,- Ղարաբաղի դե ֆակտո կառավարության տարածած տեղեկատվության հիման վրա գրում է վրացական Netgazeti.ge-ն։

Interpressnews.ge-ն տեղի ունեցող իրադարձությանը անդրադարձել է` տեղադրելով կայքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ արտաքին գործերի նախարարության հրապարակած տեղեկատվությունը Լեռնային Ղարաբաղի հանրապետության շրջափակման առնչությամբ։

Իշխանական Imedinews.ge-ն այս թեմայի շուրջ վերջին հոդվածը հրապարակել է 2022 թվականի դեկտեմբերի 26-ին, նշելով, որ Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքի բնակիչները բողոքել են Լաչինի միջանցքի փակման դեմ. «Քաղաքի փողոցներ են դուրս եկել հազարավոր մարդիկ, որոնք ասում են, որ Ղարաբաղում հայ բնակչությունը շրջափակման մեջ է և չի կարող ազատ տեղաշարժվել»։