2024 թվականի մայիսից մինչև 2025 թվականի մայիսի 2-ը Վրաստանում գրանցվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտման 342 դեպք։ Այս տվյալը հրապարակել է «Մեդիաների, տեղեկատվության և սոցիալական հետազոտությունների կենտրոն» (CMIS) հետազոտական կազմակերպությունը:
Ըստ CMIS-ի՝ դրանց թվում է «Բաթումելեբի»-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի կալանավորումը և նրա նկատմամբ քրեական հետապնդումը. Ամաղլոբելիին մեղադրում են «ոստիկանի վրա հարձակվելու» և վերջինիս ապտակելու համար։
CMIS-ը մայիսի 3-ի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ հրապարակած իր զեկույցում գրել է, որ իրենց մոնիտորինգի արդյունքում բացահայտել են միջադեպեր, որոնք ներառում են.
- ֆիզիկական հշվեհարդար,
- անօրինական կալանք,
- նկարահանումների արգելք,
- հանրային հաստատության շենք մուտք գործելու արգելք,
- տուգանքներ,
- վիրավորանք և ֆիզիկական բռնություն:
Կազմակերպության տվյալներով.
- Հոկտեմբերյան խորհրդարանական ընտրությունների օրը գրանցվել է 67 միջադեպ;
- Նոյեմբերի 28-ից եվրոպամետ բողոքի ցույցերի ժամանակ՝ 169 միջադեպ։
Վերջին մեկ տարվա ընթացքում գրանցվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնության 112 դեպք. դրանցից են.
- Հոկտեմբերի խորհրդարանական ընտրությունների օրը՝ 10 միջադեպ;
- Եվրոպամետ բողոքի ցույցի օրվանից ի վեր՝ 85 միջադեպ։
Լրագրողներին մեկ տարվա ընթացքում 77 անգամ արգելվել է նկարահանումներ կատարել, այդ թվում.
- Հոկտեմբերի խորհրդարանական ընտրությունների օրը՝ 46 միջադեպ;
- Եվրոպամետ բողոքի ցույցի օրվանից ի վեր՝ 22 միջադեպ։
Ըստ CMIS-ի, անցած տարվա ընթացքում տարբեր հիմքերով նաև ապօրինի ձերբակալվել է 13 լրատվամիջոցների ներկայացուցիչ, որոնցից մեկը՝ Մզիա Ամաղլոբելին, դեռևս կալանքի տակ է։
Վերջին մեկ տարում` Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք»-ի կառավարության 13-րդ տարում, Վրաստանը «Լրագրողներ առանց սահմանների» հեղինակավոր կազմակերպության հրապարակած «Աշխարհի մեդիա ինդեքսում» 103-րդից իջել է 114-րդ տեղ՝ երկրում լրատվամիջոցների ազատության վատթարացման հիմնավորմամբ։