Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակներում «Վրացական երազանք»-ի կառավարության արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է հունգարացի և ադրբեջանցի գործընկերներին։
Պաշտոնը ստանձնելուց ի վեր սա Մակա Բոճորիշվիլիի վեցերորդ հանդիպումն էր Պետեր Սիիարտոյի հետ, հինգերորդը՝ Ջեյհուն Բայրամովի հետ։
«Նախարարները քննարկել են երկրների միջև ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները։ Կողմերը քննարկել են Եվրամիության հետ հարաբերությունները։ Մակա Բոճորիշվիլին շնորհակալություն է հայտնել իր հունգարացի գործընկերոջը նրա ամուր աջակցության համար և ընդգծել է գործընկերների միջև երկխոսության անհրաժեշտությունը Վրաստանի եվրոպական ինտեգրման ճանապարհին», — հայտնել է նախարարությունը Պետեր Սիիարտոյի հետ հանդիպման մասին։
Նրանք նաև քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները և «արտահայտել են իրենց պատրաստակամությունը ակտիվորեն համագործակցել տարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացման և ակտիվացման համար»։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ նրանք քննարկել են «Վրաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ռազմավարական գործընկերությունը և սերտ կապերի հետագա զարգացման հնարավորությունները»։
«Գոհունակությամբ նշվել է երկրների միջև բարձր մակարդակի այցելությունների փոխանակման դինամիկան։ Հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական համագործակցության ոլորտում ձեռք բերված առաջընթացին», — հաղորդել է նախարարության մամուլի կենտրոնը։
Բայրամովի և Սիիարտոյի հետ հանդիպումներից բացի, Մակա Բոճորիշվիլին հանդիպել է նաև Ուզբեկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բախտիոր Սաիդովին։