Մարտի 8-ը․ կանանց իրավունքների պաշտպանությունը որպես առաջնահերթություն

Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է, որի իրական գաղափարը կանանց իրավունքների պաշտպանությունը, տղամարդկանց հետ հավասար իրավասությունների ձեռքբերումն է։ Տասնամյակներ առաջ այս օրը տոնվում էր, որպես հեղափոխական կանանց օր, ովքեր պայքարում էին հակառակ սեռի հետ միևնույն հարթակի վրա կանգնելու համար։

Կանանց իրավունքներն ամբողջ աշխարհի կանանց ու աղջիկներին վերագրվող իրավունքներ ու իրավասություններ են, որոնք հիմք են հանդիսացել 19-րդ դարում կանանց իրավունքների շարժման ու 20-րդ դարում ֆեմինիստական շարժման համար։ Որոշ երկրներում այս իրավունքներն ամրագրված են օրենքով, տեղական սովորույթներով ու վարվեցողությամբ, մինչդեռ այլ երկրներում դրանք անտեսված ու ճնշված են։

Կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանության վերաբերյալ դասընթացավար, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Freya միության գործող տնօրեն և քաղաքացիական ակտիվիստ Քեթի Մուրղուլիան «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է, որ կանանց իրավունքների պաշտպանությունը և այդ մասին իրազեկության բարձրացումը շատ կարևոր է յուրաքանչյուր օր, ոչ միայն մարտի 8-ին․

«Ողջունում եմ բոլոր տեսակի տոները, որոնք հանրության ուշադրությունը հրավիրում են կանանց իրավունքների պաշտպանությանը, մարտի 8-ն այդ տոներից ամենանշանավորն է, քանի որ և՛ հասարակական, և՛ պետական կառույցները նշում են տոնը և շատերը նաև բարձրաձայնում կանանց հուզող խնդիրները, իհարկե, այդ խնդիրները մեկ օրում չեն լուծվում, սակայն հանրային քննարկումների թեման մարտի 8-ին հիմնականում այդ խնդիրներն են, և այդ օրը հանրության ուշադրությունը հրավիրվում է դրանց վրա»։

Մուրղուլիան հարկ է համարում առանձնակիորեն կենտրոնանալ կանանց իրավունքների պաշտպանության վրա՝ կապելով դա ժողովրդավարական պետություն ստեղծելու հետ։

«Կանանց իրավունքների պաշտպանությանը յուրահատուկ ուշադրություն է դարձվում, քանի որ կանանց մասին շատ կարծրատիպեր են քարացած մեր հասարակությունում, հաճախ են ենթարկվում տնտեսական բռնության, հանդիպում անհավասարության, ուստի յուրաքանչյուր պետության պարտավորությունն է կենտրոնանալ կանանց իրավունքների պաշտպանությանը, նրանց հզորացմանը՝ եթե ցանկանում են ունենալ ժողովրդավարական հիմքերի վրա կանգնած ամուր պետություն»։

Մուրղուլիան նշում է, որ Վրաստանում այս հարցը բավական ակտիվ բարձրացվում է, սակայն ցանկալի արդյունք դեռևս չի նկատում․

«Վրաստանում, թեև հասարակական կազմակերպությունները վերջին ժամանակներում ավելի ակտիվ են սկսել գործել այս ուղղությամբ, ամեն դեպքում, գոհացնող իրավիճակ այժմ չունենք։ Ցավոք, մինչև օրս շատ բնագավառներում կանանց ձայնը լսելի չէ, աշխատանքային իրավունքների օրենքները փորձնականում այնքան էլ չեն կիրառվում, փոխվել են շատ օրենքներ, սակայն դա կրկին բավական չէ հասնելու առավելագույն արդյունքի»։

Քաղաքացիական ակտիվիստն ընդգծում է, որ կանանց իրավունքների պաշտպանության համար, պետք է ակտիվորեն գործեն և՛ հասարակությունը, և՛ կառավարությունը․

«Կանանց իրավունքներն ավելի պաշտպանված դարձնելու համար, կարծում եմ հարկավոր է քաղաքացիական և պետական կառույցների միջև համագործակցություն, պետությունը պետք է իրականացնի նոր ծրագրեր՝ հիմնվելով քաղաքացիական կառույցների փորձի վրա, պետք է վերանան այնպիսի ասպարեզները, որտեղ նրանց կարծիքով կինն անելիք չունի։ Հասարակությունը ևս ունի իր մեծ դերը՝ արգելելու համար այն ավանդույթները, սովորույթները որոնք սահմանափակում են կանանց իրավունքները, օրինակ՝ վաղաժամ ամուսնությունը, որը հանգեցնում է կանանց տնտեսական կախվածությունը այլ անձից»։

Քեթի Մուրղուլիան նաև հավելում է, որ վերոնշյալ կետերը պահպանելու դեպքում, կկարողանանք ասել, որ ապրում ենք երկրում, որտեղ պահպանված է գենդերային հավասարակշռությունը։

«Իրականում, ես սխալ եմ համարում «կանանց իրավունքները» տարանջատելը, քանի որ մենք բոլորս մարդ ենք։ Կանանց և տղամարդկանց իրավունքներն առանձին-առանձին ուղղակի սխալ են, և ես չեմ կարծում, որ տղամարդկանց և կանանց իրավունքներն այդքան առանձնացված են, դա հիմնականում հասարակության կողմից հորինված մոտեցում է» — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է կանանց իրավունքների պաշտպանության և Ֆեմինիզմի մասին դասընթացավար, իրավաբան Մարիամ Փուրչուլաձեն։

Նա ընգծում է, որ հավասարաչափ կարևոր է պահպանել բոլոր քաղաքացիների իրավունքները՝ ըստ օրենսգրքի․

«Կա օրենսգիրք, որը պաշտպանում է բոլոր մարդկանց և ամեն ինչ գրված է շատ մանրամասն, բայց ցավոք, 21-րդ դարում այսօր էլ ոտնահարվում են ոչ միայն կնոջ, այլ ցանկացած մարդու իրավունքները, ինչը շատ ցավալի է։ Դուք կարող եք ինձ հետ չհամաձայնել այստեղ, որ կանանց իրավունքները չեն ոտնահարվում, բայց դրանք ոտնահարվում են, և ցավոք, ոչ ոք այդ մասին էլ չի խոսում»։

Փուրչուլաձեի կարծիքով, Վրաստանում կանանց իրավունքները այնքան պաշտպանված չեն, որքան պետք է լինեն․

«Ցավոք, հնաոճ հայացքների պատճառով կանայք դեռ համարվում են «թույլ սեռի» ներկայացուցիչներ, և կարծում եմ, որ «կանանց իրավունքների» ոտնահարումը կանխելու հիմնական միջոցը բոլորի գիտակցումն է, որ սեռը չի սահմանում հնարավորությունները։ «Կանանց իրավունքների» և ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության մեկ այլ միջոց է դատական ​​համակարգի և պարեկային համակարգի ճիշտ աշխատանքն ու մոբիլիզացումը, եթե 2 հոգի արժանի պատիժ ստանա օրենքը խախտելու համար, 3-րդը չի համարձակվի այլևս խախտում անել,- ասում է իրավաբանն ու հավելում,-Ի վերջո, կանանց իրավունքների պաշտպանության մեծ պատմության ֆոնին, կարծում եմ, որ կանանց իրավունքներն առանձնացվել են, քանի որ կինը պետք է հաստատեր այն, ինչ իրականում արդեն ուներ՝ իրավունք»:

Փուրչուլաձեի կարծիքով՝ այսօր կա առաջընթաց կանանց հավասարության հարցում, սակայն սա ամենևին էլ բավական չէ․

«Այսօր, ճիշտ է, կանայք, այսպես ասած, գրեթե «տղամարդկանց հետ մի մակարդակի վրա են», արդեն նաև խորհրդարանում են, բայց «կանանց թույլ» լինելու կարծրատիպը հասարակության մեծ մասում մնում է սովորական փաստ, և առաջին հերթին, այս մեծ խնդրի լուծումը իրազեկումն է և հետո հետևյալը՝ գիտակցություն, պատշաճ դատական ​​համակարգ և ոչ թե ծանոթների օգնությամբ շահած դատական գործեր»։

18-ամյա Քրիստինե Օքրոյանն ապագա իրավաբան է, ապրում է Ախալքալաքի շրջանի Կարտիկամ գյուղում, նա իր որոշումը մասնագիտության հետ կապված կայացրել է իր և իր շրջապատի անձանց, հատկապես կանանց իրավուքները պաշտպանելու նպատակով:

«Ինձ համար ամենակարևորը կնոջ իրավունքների պաշտպանությունն է, որն արժանի է հատուկ ուշադրության, կինը միշտ պարտավոր է, ծնված օրվանից, չգիտես ինչու կինը պարտավոր է ինչ- որ մի ամբոխի: Մեր տարածաշրջանում բարքերի, ավանդույթների և հետամնացության պատճառով հիմա շատ ու շատ կրթված, խելացի և օրինակելի կանայք գործազուրկ են և չունեն իրենց ուժերը ցույց տալու հնարավորություն, որն ինձ համար շատ ցավալի փաստ է» —  «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է Օքրոյանը։

Ապագա իրավաբանը կարծում է, որ կան շատ կարծրատիպեր որոնք անհրաժեշտ է կոտրել․

«Կուզենայի փոխել այն թյուր կարծիքը, որ կարևոր գործերը չպետք է վստահել կնոջը, ինձ հետ եղել են դեպքեր, երբ ուզել եմ կարևոր գործի մի մաս կազմել, բայց աղջիկ լինելուս հանգամանքը խանգարել է»:

Կանանց իրավունքների լիարժեք պաշտպանությունը Օքրոյանը տեսնում է և՛ անհատի և՛ հասարակության յուրաքանչյուր անդամի ներդրումով։

«Ավելի պաշտպանված լինելու համար պետք է, ոչ ոքից ոչինչ չակնկալել, պետք է միայն հավատալ սեփական ուժերին, գնալ ձախողումներին ընդառաջ, նայել սխալների աչքերի մեջ, չհանձնվել և դառնալ ամենահաջողակ մարդը և ամենակարևորը՝ ամենահաջողակ կինը: Յուրաքանչյուր կին ուժեղ է, ուղղակի քչերն են այդ ուժը տեսնում իրենց մեջ»։

Նշենք, որ այս տոնին առնչվող առաջին պատմական իրադարձությունը տեղի է ունեցել 1857թ. մարտի 8-ին, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի անբավարար պայմաններն էին: Մասնավորապես, բողոքում էին 16-ժամյա աշխատանքի դեմ:

Կես դար անց՝ 1908-ի նույն օրը, Նյու Յորքի սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909-ին Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին Կանանց ազգային օր հռչակեց: