Մարտին կիրականացվեն ՆԱՏՕ-Վրաստան համատեղ զորավարժություններ

Մարտին Վրաստանում երրորդ անգամ կանցկացվի ՆԱՏՕ-Վրաստան համատեղ զորավարժություն՝ NATO-GEO EX 2022-ը: Զորավարժությունները պլանավորումից մինչև իրականացման փուլը կղեկավարի վրացական կողմը,  կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

Տեղեկության համաձայն, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ներկայացուցիչներն ու վրացական կողմն ամփոփել են վերջնական մանրամասները` ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնում (JTEC)` երեք օր տևած ամփոփիչ համաժողովում։

Համաժողովին հատուկ մասնակցություն ունեին ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի զորավարժութունների կենտրոնի հրամանատարի տեղակալ, գեներալ Ջոզեֆ Սպիշակը և փոխգնդապետ Գաբոր Էնդրոդը։

Վրաստանի ռազմական ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Զազա Չխաիձեն և գեներալ Իրակլի Չիչինաձեն ևս գործնական հանդիպումներ են ունեցել ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ։ Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությունների մանրամասները։