Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով Վրաստանը Հայաստանից 250 դոլարով հետ է. Խազարաձե

«2019 թվականի տվյալներով, Վրաստանի ՀՆԱ-ն 250 դոլարով քիչ է Հայաստանի ցուցանիշից, երբ 2013 թվականին մեր երկիրը 600 դոլարով առաջ էր Հայաստանից»,- այս մասին հայտարարել է «Լելո հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդներից Մամուկա Խազարաձեն:

Վերջինս լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսել է Վրաստանի տնտեսական իրավիճակի մասին և համեմատել Հայաստանի և Ադրբեջանի հետ: Խազարաձեի խոսքով, վերջին 3 տարիների ընթացքում հայկական դրամն արժեզրկվել է 20%-ով, իսկ վրացական լարին` 70:

«Տարածաշրջանում մենք արդեն կորցրել ենք տնտեսական դիրքերը: Իհարկե, ուրախացնում են մեր հարևան երկրների` Հայաստանի և Ադրբեջանի հաջողությունները, սակայն, կարևոր է, թե մենք որտեղ ենք գտնվում: 2013 թվականին Վրաստանի` մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 4 341 դոլար էր կազմում: Նույն թվականին Հայաստանի ՀՆԱ-ն 3 732 դոլար էր: Մոտավորապես 600 դոլարով առաջ էինք մեր հարևանից: Ինչ վերաբերում է 2019 թվականին, ապա իրավիճակը փոխվել է: Նախորդ տարվա տվյալներով, Վրաստանն արդեն 250 դոլարով հետ է Հայաստանից: Սա նշանակում է, որ Վրաստանում տնտեսական աճը կանգնել է: Բացի այդ, վերջին 7 տարիների ընթացքում Վրաստանի ներքին և արտաքին պարտքն ավելացել է և կազմում է 22.5 միլիարդ լարի:

Ինչ վերաբերում է ազգային արժույթի արժեզրկմանը, ապա դրամը վերջին 3 տարում արժեզրկվել է 20%-ով, իսկ լարին` 70:

Գլոբալ մրցունակության ինդեքսի տվյաներով Ադրբեջանն իր դիրքերը բարելավել է 11 կետով, Հայաստանը` 17, իսկ Վրաստանը 8 կետով հետ է գնացել:

Մենք ընտրողներին խոստանում ենք, որ ընտրություններում հաղթելու դեպքում այս իրականությունը կփոխենք և տարածաշրջանում առաջատարը կդառնանք»,- հայտարարել է Խազարաձեն: