Մեկ տարուց ավելի Մզիա Ամաղլոբելին ձերբակալված է. ինչ պետք է իմանալ

2024 թվականի վերջին և 2025 թվականի սկզբին Վրաստանում սկսված քաղաքական ճգնաժամի շրջանում կենտրոնական դեմքերից մեկը դարձավ լրագրող, «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելին։

Նրա գործը սերտորեն կապված է երկրում ընթացած լայնամասշտաբ բողոքի ցույցերի հետ, որոնք բռնկվեցին այն բանից հետո, երբ «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականը կասեցնելու մասին։

Տարիներ շարունակ հետաքննական լրագրությամբ զբաղվող Ամաղլոբելին ակտիվորեն մասնակցում էր Բաթումիում ընթացող ակցիաներին։ 2025 թվականի հունվարի 12-ին նա ձերբակալվեց Բաթումիի ոստիկանության վարչության մոտ։

Ձերբակալության սկզբնական դրդապատճառը եղել է վարչական իրավախախտումը՝ ոստիկանության շենքի պատին «Գործադուլ» մակագրությամբ պիտակ փակցնելը։

Սակայն իրադարձությունները սրվեցին, երբ լրագրողին ազատ արձակելուց րոպեներ անց նրա և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցավ միջադեպ։ Ըստ մեղադրանքի՝ Ամաղլոբելին ապտակել է Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի պետ Իրակլի Դգեբուաձեին։

Լրագրողն ու նրա պաշտպանները փաստում են, որ դա եղել է արձագանք ոստիկանապետի հնչեցրած անձնական վիրավորանքներին և նրա նկատմամբ դրսևորած անհարգալից վերաբերմունքին։

Հացադուլը՝ որպես բողոքի նշան

Ձերբակալությունից հետո Ամաղլոբելին հայտարարեց հացադուլ՝ պահանջելով ազատ արձակել իրեն և մյուս ձերբակալված ցուցարարներին։ Փետրվարի 4-ին՝ հացադուլի 24-րդ օրը, Մզիա Ամաղլոբելիին բանտից տեղափոխեցին կլինիկա։

Հացադուլը տևեց 38 օր, ինչը լրջորեն վնասեց նրա առողջությունը, հատկապես նրա քրոնիկ հիվանդությունը՝ կերատոկոնուսը (աչքի եղջերաթաղանթի հիվանդություն) բանտային պայմաններում սրվեց` առաջացնելով կուրանալու վտանգ։

Դատավարության ընթացքում մեղադրանքը ներկայացվել էր Վրաստանի քրեական օրենսգրքի 353-րդ պրիմա հոդվածի 1-ին մասով (հարձակում ոստիկանի վրա)։ Դատախազությունը պահանջում էր առավելագույն պատիժ՝ մինչև 7 տարի ազատազրկում։

2025 թվականի օգոստոսի 6-ին Բաթումիի քաղաքային դատարանը կայացրեց վճիռը՝ նրան դատապարտելով 2 տարի ազատազրկման։ Սա ներկայացվեց որպես «մեղմացված» դատավճիռ, սակայն իրավապաշտպանները և միջազգային կառույցներն այս վճիռը գնահատեցին անհամաչափ և քաղաքականապես ուղղորդված։

Ըստ «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի՝ մեղադրանքը հակասահմանադրական և անօրինական է, քանի որ, «նախ` դա ընդունել է անօրինական խորհրդարանը, և երկրորդ` նախատեսված պատժի համաչափության և այլ չափանիշների առումով դրա համապատասխանությունը Վրաստանի Սահմանադրության 17-րդ հոդվածով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով պաշտպանված խոսքի ազատությանը` կասկածելի է»։

Ինչպես նշել է ասոցիացիան՝ մեջբերված նորմի բովանդակության համաձայն, պիտակներ կպցնելը, որի համար Մզիա Ամաղլոբելին և բողոքի ակցիայի շատ այլ մասնակիցներ ձերբակալվեցին այդ երեկոյան Բաթումիում, չի կարող համարվել օրենքի խախտում։ Մեջբերված նորմի համաձայն, խախտում է «տարբեր տեսակի գրություններ, նկարներ, խորհրդանիշներ կամայականորեն անելը», այսինքն՝ տեղում ներկով կամ այլ միջոցներով գրելը կամ նկարելը, քանի որ ներկը հեռացնելը կարող է որոշակի ջանքեր պահանջել, բայց պիտակը հեռացնելը որևէ դժվարություն չի ներկայացնում։

Մրցանակներ

Մզիա Ամաղլոբելիի գործունեությունը ստացել է լայն միջազգային ճանաչում։ Նա հեռակա կարգով արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝

  • Սախարովի անվան մրցանակ՝ Եվրոպական խորհրդարանից (որպես մտքի ազատության խորհրդանիշ),
  • Free Media Awards՝ անկախ լրագրությանը հավատարիմ մնալու համար,
  • Forum 2000-ի մրցանակ՝ քաղաքացիական արիության համար։

Հունվարի 14-ին Ստրասբուրգի դատարանը գրանցել է Մզիա Ամաղլոբելիի երկրորդ գործով բողոք, որի մասին հաղորդել է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն (GYLA)։

Ըստ կազմակերպության՝ Մզիա Ամաղլոբելիի գործերի վարույթը Ստրասբուրգի դատարանում ակտիվորեն շարունակվում է. առաջին գործով (կալանքի կիրառում որպես խափանման միջոց և դրան առնչվող խախտումներ) GYLA-ն ներկայացրել է գրավոր դիրքորոշում, երկրորդ գործով (վարչական կալանք և օրենքի խախտումներ) Եվրոպական դատարանը գրանցել է նոր բողոք։

«2025 թվականի հունվարի 11-ին Մզիա Ամաղլոբելին անօրինական կերպով կալանավորվել է պիտակ փակցնելու համար, որի ընթացքում Մզիա Ամաղլոբելին իրացնում էր Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իր խոսքի ազատությունը և համերաշխություն էր հայտնում շարունակվող բողոքի ակցիայի շրջանակներում անօրինական կալանավորվածներին։ Մզիա Ամաղլոբելիի անօրինական վարչական կալանքի և նրա դեմ հարուցված վարչական իրավախախտման գործերի շրջանակներում հայտնաբերված խախտումների վերաբերյալ GYLA-ն 2025 թվականի նոյեմբերի 17-ին դիմել է Ստրասբուրգի դատարան, որն արդեն գրանցվել է դատարանում համապատասխան համարով (36304/25): Սա Մզիա Ամաղլոբելիի երկրորդ գործն է Ստրասբուրգի դատարանում», — հաղորդել է GYLA-ն։

Նախկին դիվանագետ և պետական ​​ծառայող Դավիթ Չխեիձեի խոսքով՝ Մզիա Ամաղլոբելին «Վրացական երազանք»-ին ցույց տվեց, որ վրացու՝ Վրաստանի քաղաքացու հետ չեն կարող վարվել այնպես, ինչպես ուզում են.

«Ես եղել եմ բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ ազատ, պակաս ազատ և անազատ հասարակություններում։

Մարդկանց կարելի է տարբերակել մեկ պարզ նշանով. «Ես կվարվեմ այնպես, ինչպես ուզում եմ» աստիճանն է որոշում ազատությունը։

Մզիա Ամաղլոբելին ռեժիմին ցույց տվեց, որ վրացու՝ Վրաստանի քաղաքացու հետ չես կարող վարվել այնպես, ինչպես ուզում ես։

Նա դա ցույց տվեց հենց սկզբից։

Ցանկացած ուժ, ի վերջո, ստիպված կլինի ազատ արձակել Մզիա Ամաղլոբելիին և մեզանից յուրաքանչյուրի հետ վարվել արժանապատվորեն»,- գրել է նա։

Հիշեցնենք, Մզիա Ամաղլոբելիի 2 տարի ազատազրկման դատապարտելու որոշմանը հաջորդել է Վրաստանից 22 առցանց լրատվամիջոցների արշավը՝ հաջակցություն անկախ լրատվամիջոցների։

«Ամբողջ Վրաստանից 22 առցանց լրատվամիջոցներ միավորվել են՝ պաշտպանելու այն, ինչը պատկանում է բոլորիս՝ խոսքի ազատությունը և ժողովրդավարությունը։

Լույսը չպետք է մարի։

Ազատություն Մզիային։

Ազատություն խղճի բանտարկյալներին»,- նշել էին նրանք։

Դեռ այդ ժամանակ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում մեդիա ոլորտի ներկայացուցիչները նշել էին, որ տվյալ արշավի ամենակարևոր ուղերձներից մեկը միասնությունն է, որն էլ անհրաժեշտ է Վրաստանում այսօրվա լրատվամիջոցների նկատմամբ ճնշման պայմաններում:

«Լույսը չպետք է մարի»` մեդիաների համատեղ արշավ. արձագանքներ