Մելիան կշարունակի կալանքի տակ մնալ. դատարանը որոշում կայացրեց

Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիայի գործով դատարանը հինգ ժամանոց նիստից հետո որոշում կայացրեց: Մելիան կշարունակի մնալ կալանքի տակ: Դատարանը չի փոխել խափանման միջոցը, որ կիրառել էր Մելիայի նկատմամբ փետրվարի 17-ի որոշմամբ:

Դատարանի բակում հավաքված են ընդդիմադիր գործչի աջակիցներն ու կուսակցության ներկայացուցիչները:

Դատական նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները հույս էին հայտնել, որ դատարանը կփոխի որոշումը, քանի որ ըստ նրանց` իշխանությունն այսպես էլ փակուղում է, իսկ Մելիային ազատելը որոշակի քայլ կլիներ դեպի իշխանություն-ընդդիմություն  հարաբերությունները կայունացում:

Մելիայի փաստաբանը մեծ սպասելիքներ դատական նիստից չուներ, ինքը Մելիան էլ՝ նիստի ընթացքում հայտարարել էր, որ դա ընդամենը դատարանի իմիտացիա է:

Հիշեցնենք, որ Մելիան մեղադրվում է 2019-ի հունիսի 20-ի հակառուսական ցույցերի ժամանակ խմբակային բռնություն կազմակերպելու, գլխավորելու և իրականացնելու մեջ՝ Վրաստանի Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով:

Որպես խափանման միջոց՝ դատարանը նախ ընտրել էր 30.000 լարի գրավը: Նրան նաև էլեկտրոնային թևնոց էր անցկացվել, որը Մելիան հանեց բողոքի ակցիայի ժամանակ: Խափանման միջոցի պայմանների խախտման պատճառով դատարանը Մելիային 40 հազար լարի գրավ նշանակեց:

Վրաստանի գլխավոր դատախազությունը փետրվարի 5-ին հայտարարեց, որ մեղադրյալ Նիկա Մելիան, ով գրավի տեսքով պետք է վճարեր 40 000 լարի, չի արել դա սահմանված ժամկետներում՝ մինչև դեկտեմբերի 24-ը և հնարավորություն ունի հավելյալ մեկ շաբաթվա ընթացքում վճարել գրավը: Մելիան նույն օրը հայտարարել էր, որ չի պատրաստվում վճարել գրավն ու իրեն կալանավորել չի հաջողվի:

Մելիային ձերբակալել են փետրվարի 23-ին, առավոտյան ժամը 08:00-ին՝ հատուկ գործողությամբ: Ընդդիմադիր գործչին ձերբակալելու նպատակով հատուկ ջոկատայինների խմբերը լուսադեմից մոբիլիզացվել էին ՄԱՇ-ի գրասենյակի մոտ ու փորձել մուտք գործել շենք, սակայն աջակիցները փակել էին գրասենյակի գլխավոր մուտքերը: Այսպիսով, հատուկ ջոկատայինները հրշեջ փրկարարների մեքենաների հատուկ սարքերով մուտք գործեցին գրասենյակ՝ շենքի տանիքից, կիրառեցին գազանման նյութ, այնուհետև ներխուժեցին սենյակ, որտեղ Մելիան էր իր աջակիցների և լրագրողների հետ, ու տարան վերջինիս: Հատուկ գործողության ընթացքում բերման է ենթարկվել 21 անձ, առաջին օգնություն ցուցաբերվեց 17 անձի, նրանցից 2-ը տեղափոխվեցին հիվանդանոց:

Նախքան Մելիային ձերբակալելը, հարցի հետ կապված անհամաձայնությամբ պայմանավորված` հրաժարական տվեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան` հույս հայտնելով, որ այս կերպ իրավիճակը կհանդարտվի: