Մելիան՝ Սաակաշվիլիի հացադուլը դադարեցնելու մասին

Վրաստանի երրորդ նախագահ, կալանավորված ու 40 օրից ավել հացադուլի մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի՝ հացադուլը դադարեցնելու մասին լուրին արձագանքել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան։

Մելիան, մասնավորապես, ասել է, որ ինքն ու իր ընկերները ողջունում են Սաակաշվիլիի որոշումը, ինչը վերահաստատում է՝ վրացական ընդդիմության, Միխեիլ Սաակաշվիլիի ծրագիրը Վրաստանը զարգացնելն է և ոչ թե իշխանությանը սադրելը։

Նիկա Մելիայի խոսքով, իրենց խնդիրն է բանտից ազատ արձակել Միխեիլ Սաակաշվիլիին, ինչին, նրա գնահատմամբ, կարելի է հասնել ջանքերի, համբերության և ոչ բռնի պայքարի՝ երկարաժամկետ բողոքի միջոցով։

«Բոլորս էլ գիտակցում ենք, որ Միխեիլ Սահակաշվիլիի ազատ արձակումից հետո մեր խնդիրն է լուծել այն հարցը, թե ինչպիսին ենք ուզում լինել՝ արևմտյան, քաղաքակիրթ պետություն, թե՞ Ռուսաստանի ծայրագավառ։ Մենք գիտակցում ենք նաև, որ Միխեիլ Սաակաշվիլիի ազատազրկումը ոչ միայն Իվանիշվիլիի անձնական վրեժն է, այլ նվեր Պուտինին, բայց դա չի ստացվի», — ասել է Մելիան։

Հիշեցնենք՝ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սաակաշվիլին պատրաստ է դադարեցնել հացադուլը՝ որոշ պայմանների դիմաց։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր