ԱՄՆ սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը և Եվրամիության ու 14 երկրների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը (Բելգիա, Չեխիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Գերմանիա, Իսլանդիա, Իռլանդիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Նորվեգիա, Լեհաստան, Ուկրաինա և Միացյալ Թագավորություն) Վրաստանում «գործակալների մասին օրենքի» ընդունման վերաբերյալ հայտարարություն են տարածել:
Ըստ նրանց, չնայած ընկերների և դաշնակիցների կողմից բազմաթիվ մտահոգություններին, Վրաստանի խորհրդարանը ձեռնարկել է «տագնապալի և ռեպրեսիվ» քայլ, որը խաթարում է ժողովրդավարությունը և հակասում է արևմտյան ինտեգրման հայտարարված նպատակին:
«Մենք՝ որպես եվրոատլանտյան օրենսդիրներ, հասկանում ենք, որ խորհրդարանի դերը ժողովրդի կամքն արտացոլելն է, և վրացիները միանշանակ մերժել են Կրեմլից ոգեշնչված այս օրենքը՝ անհամատեղելի համարելով իրենց ինքնության, եվրոպական արժեքների և ժողովրդավարական սկզբունքների հետ։ «Օտարերկրյա գործակալների» այս օրենքը արտացոլում է Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը, որը շարունակում է Վրաստանի տարածքների 20 տոկոսի անօրինական օկուպացիան»,- նշված է համատեղ հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում են նաև Վրաստանում գործող ոչ կառավարական կազմակերպությունները, այդ թվում ընդգծելով, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ը, «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն»-ը (ISFED) և «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն (GYLA) վճռորոշ դեր են խաղում Վրաստանում Եվրոատլանտյան ինտեգրման ճանապարհին: Նրանց կարծիքով, «գործակալների օրենքը» դեմ է նման «արժեքավոր ջանքերին» և ծառայում է որպես «ուղիղ հարձակում» քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների վրա.
«Մենք երբեք չենք լքի վրաց ժողովրդին, որը խաղաղ դիմադրության միջոցով խիզախորեն ցույց է տվել իր ամուր նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին։
Մենք չենք վարանի պատասխանատվության ենթարկել այն անձանց, այդ թվում՝ Բիձինա Իվանիշվիլիին և նրա շրջապատին, որոնք պատասխանատու են ռուսական ոճով այս օրենքի ընդունման և խաղաղ ցուցարարներին դաժանորեն թիրախավորելու համար: Դուք մենակ չեք»,- կարդում ենք հայտարարության մեջ։
Իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։ Վրաստանի խորհրդարանը «գործակալների մասին օրենքն» ուղարկել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին` ստորագրելու: Հայտնի է, որ Զուրաբիշվիլին մտադիր է վետո դնել այս օրենքի վրա։