Մեծ Բրիտանիայի ԱԳ ղեկավարը Վրաստանում է

Վրաստան է ժամանել Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Ջեյմս Քլեվերլին, տեղեկացնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյային դիմավորել է Վրաստանի փոխարտգործնախարար Թեիմուրազ Ջանջալիան։

Երկօրյա այցի շրջանակներում Քլեվերլին կհանդիպի իր վրացի գործընկեր Իլիա Դարչիաշվիլիի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Բացի այդ, նա կայցելի շփման գիծ և տեղում կծանոթանա առկա իրավիճակին։

Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնն ասել է. «Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի պետքարտուղարի այս այցը Վրաստան առաջինն է 2016 թվականից ի վեր։ Մենք ունենք կարճ, բայց շատ հագեցած ծրագիր։ Ես շնորհակալություն եմ հայտնում վրացական կողմի յուրաքանչյուր ներկայացուցչի, ով ներգրավված է այս այցի կազմակերպման գործընթացում»: