Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն արձագանքել է վրաստանյան ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Զուրաբ Ջափարիձեի ձերբակալությանը:
Մեծ Բրիտանիայի դեսպանատունը նշել է՝ Զուրաբ Ջափարիձեի կալանավորումը լիովին անհամաչափ միջոց է, որը քաղաքական ընդդիմությանը վախեցնելու և լռեցնելու նպատակ ունի։ Եվ հավելել է՝ Մեծ Բրիտանիան խորապես մտահոգված է ընդդիմության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի նախնական կալանքով։
«Ընդդիմադիր կուսակցությունների արգելման մասին օրենքի ընդունման և «Վրացական երազանք»-ի կողմից ընդդիմադիր կուսակցությունները հակասահմանադրական ճանաչելու մասին հայտարարությունների ֆոնին Վրաստանում ժողովրդավարության ևս մեկ լուրջ հետընթացի ապացույց է սա։ Բազմակարծիք, բազմակուսակցական ժողովրդավարությունը եվրատլանտյան արժեքների անբաժանելի մասն է կազմում. «Վրացական երազանք»-ը հենց հիմա պետք է դադարեցնի հակաժողովրդավարական միջոցառումների ձեռնարկումը», — ասված է դեսպանատան հայտարարության մեջ։
Հիշեցնենք. Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Իրակլի Շվանգիրաձեն երեկ «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի անդամ Զուրաբ Ջափարիձեի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված 20 հազար լարի գրավը փոխարինեց կալանքով։ Նրան ձերբակալեցին հենց դատարանի դահլիճում։
Արևմտյան քաղգործիչները դատապարտում են Ջափարիձեի ձերբակալությունը