Ով է Աբխազիայի դե ֆակտո արտգործնախարարը

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահը ներկայացրել է արտաքին գործերի նոր նախարար Ինալ Արձինբային: «էխո Կավկազ» գործակալության տվյալներով՝ Արձինբայի նշանակման հրամանը ստորագրվել է նոյեմբերի 17֊ին։

Ինալ Արձինբան փոխարինել է 2016 թվականի հոկտեմբերից այս պաշտոնն զբաղեցնող Դաուր Կովեին: Նշվում է, որ Կովեն նախարարության աշխատակիցներին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել իրեն փոխարինողին:

31-ամյա Ինալ Արձինբան ծնվել է Սոխումիում, 2007-2012 թվականներին սովորել է Մոսկվայի տնտեսագիտության բարձրագույն դպրոցում, համաշխարհային տնտեսագիտության և քաղաքականության ֆակուլտետում։ 

Մինչ այդ Արձինբան եղել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին կից երիտասարդության հարցերով խորհրդի նախագահ և Աբխազիայի և Հարավային Օսիայի գծով սոցիալ-տնտեսական համագործակցության վարչության ղեկավար:

Արձինբան վայելում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր դաշնակից Վլադիսլավ Սուրկովի (Ասլամբեկ Դուդաև) աջակցությունը։ Ինքը՝ Սուրկովը, մինչև 2020 թվականի փետրվարը զբաղեցրել է Վլադիմիր Պուտինի օգնականի պաշտոնը, այդ ընթացքում էլ վերահսկել է Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ կապված հարցերը։

Հարկ է նշել, որ Արձինբան Ուկրաինայում մեղադրվում է առանձնապես ծանր  հանցագործությունների մեջ՝ պետական սահմանները փոխելու փորձի և երկրի սահմանադրական կարգը խախտելու մեջ։ Ուկրաինան Արձինբայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ 2015-ին նրան ներառելով Ուկրաինայի թշնամիների ցուցակում։

2016 թվականի մարտին Միխեիլ Սաակաշվիլին Ինալ Արձինբային մեղադրել է «Բեսարաբիա նախագիծը» (Օդեսայի մարզում Բեսարաբիայի ժողովրդական հանրապետության ստեղծում) իրականացնելու փորձի մեջ։

2017 թվականին Վլադիմիր Պուտինի հրամանով Ինալ Արձինբային շնորհվել է 3֊րդ դասի պետական խորհրդականի կոչում։ Անցյալ տարվա հունվարին Աբխազիայում Արձինբան հայտարարեց նոր կուսակցության հնարավոր ստեղծման մասին։ Ավելի ուշ նա հայտարարեց, որ նախագահական պաշտոնի հետ կապված ծրագրեր չունի։

Տիրուհի Համազարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր