Ջո Բայդենը շնորհավորել է Վրաստանի վարչապետին՝ Անկախության օրվա առթիվ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Վրաստանի Անկախության օրվա առթիվ:

Բայդենի շնորհավորանքի մեջ ասվում է, որ որպես հավատարիմ գործընկեր՝ Միացյալ Նահանգները կշարունակեն աջակցել վրաց ժողովրդին ժողովրդավարական և տնտեսական զարգացման ճանապարհին:

«Պարոն վարչապետ, Ամերիկայի ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել վրաց ժողովրդին Անկախության օրվա առթիվ և մաղթել երջանկություն և առողջություն: Մենք կանգնելու ենք վրաց ժողովրդի կողքին` նոր կորոնավիրուսի պատճառած սոցիալական և տնտեսական ազդեցությունից խուսափելու ջանքեր գործադրելու հարցում: Վրաց ազգի անկախությունը նշելը պարզապես հանդիսավոր օր չէ: Այն հնարավորություն է տալիս հարգել ազգի բնավորության մեջ հյուսված պատմությունն ու արժեքները: Այս ամսաթիվը նաև հնարավորություն է տալիս տեսնելու ապագան: Երբ Վրաստանի ղեկավարներդ և քաղաքացիներդ մտածում եք երկրի անկախության ամրապնդման և եվրաատլանտյան ինտեգրման մասին, հիշեք, որ ԱՄՆ-ը կանգնած է ձեր կողքին» — ասվում է շնորհավորական նամակում:

Բայդենը խոսել է նաև Վրաստանի համար արտաքին մարտահրավերների կարևորության մասին:

«Այսօր իմ մտքերը բոլոր այն մարդկանց հետ են, ովքեր ապրում են Աբխազիայում և Հարավային Օսիայում՝ ռուսական օկուպացիայի պայմաններում: Միացյալ Նահանգները վճռականորեն հավատարիմ է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը` միջազգային ճանաչում ունեցող իր սահմաններում», — ասված է Ջո Բայդենի շնորհավորական նամակում: