Իվանիշվիլիի դատական վեճը շվեյցարական բանկի հետ շարունակվում է

Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին շարունակում է իր դատական վեճը շվեյցարական Credit Suisse բանկային խմբի հետ: 

Bloomberg-ը հոդված է հրապարակել, որտեղ մեջբերում է՝ վերջին դատական ​​նիստերից մեկում Իվանիշվիլին ասել է, որ նման լկտիություն, որ տեսել է Credit Suisse-ի կողմից,  Խորհրդային Միության փլուզումից հետո, Ռուսաստանում և Վրաստանում, նույնիսկ ամենադաժան կապիտալիզմի պայմաններում չի գրանցվել։

«Ես ոչ մի տեղ չեմ տեսել, որ հաճախորդին այդքան վատ վերաբերվեն։ Դա այնքան ցնցող էր ինձ համար, որ փոխեց իմ աշխարհայացքը», — ասել է Իվանիշվիլին նոյեմբերի 17-ին Բերմուդյան դատարանում: 

Ինչպես «Bloomberg»-ն է հաղորդում, Credit Suisse-ի դեմ Իվանիշվիլին Բերմուդյան դատարանին ցուցմունք է տվել հեռավար ձևաչափով՝ Վրաստանից։

Նշենք՝ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին արդեն վեց տարի է Credit Suisse-ի հետ դատական վեճի մեջ է: Իվանիշվիլին բանկին մեղադրում է իր հաշվից ավելի քան 500 մլն դոլար յուրացնելու մեջ։ 

Իվանիշվիլիի բանկիրը այդ ժամանակ եղել է Պատրիկ Լեսկադրոնը, ով, ըստ գործի նյութերի, ներդրել և կորցրել է Իվանիշվիլիի փողերը բորսայում գտնվող ընկերություններից մեկում։

Լեսկադրոնը 2018 թվականին դատապարտվել է խարդախության համար, իսկ 2020 թվականին ինքնասպանություն գործել։ Այնուամենայնիվ, Credit Suisse-ը պնդում է, որ Լեսկադրոնը գործել է անկախ՝ բանկից գաղտնի։ 

Իվանիշվիլին մեկն է այն հինգ մարդկանցից, ովքեր դատի են տվել բանկին։ Իվանիշվիլին միաժամանակ դատական գործընթացների մեջ է նաև Բերմուդյան կղզիների, Նոր Զելանդիայի և Սինգապուրի բանկերի հետ։ 

Բերմուդյան դատավարության ժամանակ ընկերության փաստաբան Սթիվեն Մովերլի Սմիթն Իվանիշվիլիին անվանել է «օլիգարխ» և ասել, որ նա պետք է պատասխանատվություն կրի ռիսկային ներդրումների համար, որոնք Լեսկադրոնն անում էր իր անունից: 

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր