Գազաֆիկացումն Ախալքալաքում․ չկատարված խոստում կամ անիրական թվացող իղձ

Բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ պայմաններից մեկը գազաֆիկացումն է, որը ցավոք մինչև օրս ոչ բոլորին է հասանելի։ Ախալքալաքի շրջանի գյուղերի հիմնախնդիրներից թերևս ամենակարևորը գազաֆիկացումն է։ Իսկ ձմռանը գյուղացու ուսերին հոգսն ավելի է ծանրանում, երբ նա ստիպված է լինում բավականաչափ վառելանյութ հայթայթել, ձեռք բերել գազի բալոն, լիցքավորել այն որոշ ժամանակով, իսկ քանի որ դրանով հնարավոր չէ լուծել տան ջեռուցման հարցը, ապա միակ ելքը փայտի վառարանն է։

Հիմնականում այս խնդրի առջև կանգնած են շրջկենտրոնից՝ Ախալքալաքից հեռու գտնվող գյուղերի բնակիչները: Այս հարցին անդրադառնում են միայն նախընտրական շրջանում, գյուղացին լցվում է հույսով՝ թե պիտի լուծվեն նաև իր խնդիրները, սակայն որոշ գյուղերում, շատերի համար գազաֆիկացումն արդեն վաղուց անիրական թվացող իղձ է դարձել։

Աբուլը Սամցխե-Ջավախքի շրջանի, Ախալքալաքի մունիցիպալիտետի գողտրիկ և գեղատեսիլ բնությամբ առանձնացող գյուղ է, որն Ախալքալաք քաղաքից գտնվում է 25 կմ հեռավորության վրա։ Բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, և քիչ դեպքերում նաև հողագործությամբ՝ անբարենպաստ աշխարհագրական դիրքի պատճառով։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1960 մ բարձրության վրա։ Վերջին մարդահամարի տվյալներով (2014թ․) գյուղն ունի 535 բնակիչ։

Աբուլ գյուղի բնակիչ Արարատ Խոցանյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է, որ գյուղի բարելավման ու զարգացման գործում մեծ ներդրում ունեն Աբուլի բարերարները, սակայն կառավարությունն էլ իր ներդրումը պետք է ունենա իրենց և այլ գյուղերի հիմնախնդիրների լուծման գործում։

«Այս խնդիրը երկար ժամանակ է կանգնած է մեր առջև և շատ անգամ ենք փորձել լուծում տալ։ Աբուլը Ախալքալաքից բավականին հեռու է, մոտ 25 կմ հեռավորության վրա, և այդ պատճառով էլ դժվար է գազատարը հասցնել գյուղ: Շատերն են հուսադրել մեզ, որ խնդիրն ի վերջո լուծում կունենա, փորձել ենք նաև մեր ֆինանսական միջոցներով գազը հասցնել գյուղ, սակայն ապարդյուն։ Իհարկե, ողջունելի է, որ մյուս գյուղերում գոնե այս առումով հոգսն ավելի թեթև է, բայց կարծում եմ ինձ հետ կհամաձայնեն շատերը՝ բավականին բարդ է արդի աշխարհում չունենալ նմանատիպ անհրաժեշտ պայմաններ», — ասում է Արարատ Խոցանյանը։

Աբուլ գյուղի բնակիչ Զարուհի Ավետիսյանն էլ նշում է, որ գյուղում առկա են բազում հիմնախնդիրներ, սակայն առաջնայինը կենսական պայմանների բացակայությունն է, որոնց հետ ամեն օր առնչվում են:

«Գազի խնդիրը թերևս ամենակարևորների շարքում է: Ճիշտ է, փորձում ենք փոխարինել այլ միջոցներով, սակայն գյուղի պայմաններում շատ բարդ է: Ջեռուցումն ապահովում ենք փայտի վառարաններով, որոշներն էլ էլեկտրական վառարաններ են օգտագործում: Ճաշ պատրաստելու, ջուր տաքացնելու և այլ կենցաղային հարցերի համար էլ փոքր գազի բալոններ ունենք», — ասում է Զարուհի Ավետիսյանը:

Զարուհի Ավետիսյանը նշում է, որ գազի բացակայությունը մի քանի անգամ ավելի է բարդացնում տնային տնտեսուհիների աշխատանքը, հատկապես լեռնային գյուղերում։

Աբուլի բնակիչ Արարատ Խոցանյանն ասում է, որ խնդրի շուտափույթ լուծում են ակնկալում և հույս հայտնում, որ «այս և այսպիսի մի շարք խնդիրների պատճառով մեր համագյուղացիները այլևս չեն լքի հարազատ գյուղը, իսկ մենք, երևի գյուղի մեծամասնությունը եթե ոչ բոլորը՝ պատրաստ ենք օժանդակելու խնդրի լուծմանը` ներդնելով մեր լուման Աբուլ գյուղի զարգացման և բարգավաճման գործում»։

Զարուհի Ավետիսյանը հավելում է, որ հեռու գյուղերին ավելի մեծ ուշադրություն է պետք դարձնել.

«Հնարավորության դեպքում կլուծեի իմ գյուղի հիմնախնդիրները, առաջնահերթությունը տալով ամենահարկավորներին, և կարծում եմ որ մենք էլ պիտի նպաստենք դրան, սակայն հույս ունեմ սպասվածից ավելի շուտ տեսնել Աբուլի բարեկեցիկ ապագան»։

«Ալիք Մեդիան» կապ հաստատեց Ախալքալաքի նորընտիր քաղաքապետ Մելքոն Մակարյանի հետ ով նշեց, որ Ախալքալաքի բոլոր գյուղերի գազաֆիկացման հարցը քննարկվում է և կունենա լուծում։ Մակարյանը չցանկացավ առանձնացնել միայն Աբուլ գյուղը և շեշտեց, որ այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են:

«Աբուլ գյուղում ես ինքս եղել եմ և ծանոթացել գյուղացիների խնդիրներին, սակայն չեմ ցանկանում առանձնացնել միայն այս գյուղը։ Ներկայումս կան բազում նախագծեր, որոնց վրա աշխատանք է տարվում, գյուղերում գազի խնդրի պատճառը բավական ֆինանսական ռեսուրսի բացակայությունն է», — նշեց Մակարյանը «Ալիք Մեդիա»-ին տված հարցազրույցում։

Մելքոնյանը հստակ ժամկետներ չնշեց՝ հավելելով, որ ամեն հնարավոր առիթով բարձրացվում է այս հարցը և Վրաստանի վարչապետը ևս տեղյակ է քննարկվող ծրագրերի ու շրջանի բնակիչներին հուզող հարցերի վերաբերյալ։ 

Հատկանշական է նաև, որ դեռևս 2019 թվականի դեկտեմբերին Աբուլ գյուղի բնակիչները փորձել են լուծել գազի խնդիրը խաղաղ բողոքի միջոցով: Նրանք դիմել էին Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմիններին՝ բնական գազի, ճանապարհի ասֆալտապատման և խմելու ջրի խնդիրները լուծելու նպատակով, ինչին ի պատասխան աբուլցիներին հորդորել էին սպասել․

«Ըստ բյուջեի` նախատեսված են ճանապարհների վերանորոգման աշխատանքները, բայց գազը մեզ չի վերաբերում, դա պետության խնդիրն է, իսկ ինչ վերաբերում է ջրին, ապա գարնանը կանենք ինչ պետք է», — գյուղացիներին ասել էր տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչը։

Նշենք, որ Աբուլ գյուղի բնակիչների հետ հանդիպմանը ներկա էր եղել այն ժամանակվա Սամցխե-Ջավախքի համամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը, ով ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել

«2020 թվականին նախատեսված են գազաֆիկացման նախնական աշխատանքներ, որոնք կսկսվեն Աբուլ գյուղից։ Ինչ վերաբերում է ասֆալտապատմանը՝ 2020 թվականին նախատեսված է ասֆալտապատման աշխատանքներ Կարտիկամից դեպի Աբուլ ուղղությամբ։ Ստեղծված է խմելու ջրի խնդիրների պատճառները ուսումնասիրող հանձնաժողով, որը տեղում կուսումնասիրի և կլուծի նշված խնդիրը», — գրել էր նախկին պատգամավորը:

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր