Այսօր, դեկտեմբերի 1-ին կայացավ հայ-վրացական բարեկամության խորհրդանիշներ, մեծ դերասաններ Սոֆիկո Ճիաուրելիին և Ֆրունզիկ Մկրտչյանին նվիրված հեղինակային ցուցահանդեսը։
Ցուցահանդեսին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Մշակույթի հարցերով Վրաստանի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Էկա Ճիճինաձեն, ցուցահանդեսի կազմակերպիչ և հեղինակ Դաթիվ Բեջիթաշվիլին, այլ քաղաքական և հասարակական գործիչներ, տարբեր ոլորտի ներկայացուցիչներ։



Երեկոյի ընթացքում ներկաները հատուկ շեշտադրում կատարեցին այն եզակի կապի մասին, որը գոյություն ուներ և մինչ օրս գոյություն ունի այս երկու արվեստագետների՝ ինչպես անձնական, այնպես էլ ստեղծագործական ժառանգության մեջ։ Ընդգծվեց, որ Սոֆիկո Ճիաուրելին և Ֆրունզիկ Մկրտչյանը հանդիսանում են Հայաստանի և Վրաստանի միջև անխախտելի բարեկամության խորհրդանիշները։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զյույցում Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը ընդգծեց, որ նման միջոցառումների միջոցով խոսվում է երկու երկրների դարավոր բարեկամության մասին.
«Այս տաղանդաշատ երկու դերասանները մեր երկու երկրների հպարտությունն են, և դերասանական արվեստի իրապես բարձրագույն կետեր են համարվում. այս օրվա շնորհիվ մենք ևս մեկ անգամ հարգում ենք նրանց վառ հիշատակը, ինչպես նաև վրաց և հայ հասարակությանը ևս մեկ անգամ ցույց ենք տալիս մեր ժողովուրդների սերտ բարեկամությունը»,-նշեց դեսպանը։


Միջոցառման հեղինակ Բեջիթաշվիլին «Ալիք Մեդիա Վրաստանի»-ն պատմեց ամեն լուսանկարի խորհրդանշական լինելու մասին, ընդգծեց երկու արտիստների հավերժ կապը. «Սոֆիկոն ու Ֆրունզիկը միավորում էին Հայաստանը և Վրաստանը. նրանց վառ հիշատակը վերհիշելով մենք ևս ցույց ենք տալիս, որ այդ ճանապարհը շարունակվում է»։
Մշակույթի հարցերով Վրաստանի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Էկա Ճիճինաձեն իր ելույթի ժամանակ խոսեց օրվա կարևորության մասին, շնորհակալություն հայտնեց խորհրդանշական միջոցառումը կյանքի կոչելու համար։
Ելույթներին հաջորդեց կարճ վիդեոկոլաժներ՝ նվիրված երկու արտիստների առանձին և միասնական գործունեությանը, իսկ վերջում ցուցադրվեց նրանց կերպարները կյանքի կոչող տիկնիկային բեմականացում։
Ստորև ներկայացնում ենք Լուսանկարներ երեկոյից.





