Մի քիչ էլ կսպասեմ. Սաակաշվիլի

Վրաստանի 3-րդ նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է Ուկրաինայի Անվտանգության (ՈւԱԾ) և Սահմանապահ ծառայություններին՝ չեղարկելու Ուկրաինա մուտք գործելու արգելքը: Այս մասին Սաակաշվիլին հայտարարել է ուկրաինական Наш հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում:

Երեկվա դրությամբ, Ուկրաինայի պետական սահմանային ծառայության հայտարարությամբ, Միխեիլ Սաակաշվիլին մինչև 2021 թվականը երկիր մուտք գործելու իրավական հիմք չունի:

«Նշված անձը 2017 թվականի սեպտեմբերին անօրինական կերպով հատել է պետական սահմանը, ինչը տեղական և վերաքննիչ դատարանների որոշումներով հաստատվում է: Պետական սահմանային ծառայությունը գործում է Ուկրաինայի օրենսդրության համաձայն և օրենքով տրված իրավասությունների շրջանակներում»,- ասվում է Ուկրաինայի Սահմանային պաշտպանության ծառայության հաղորդագրությունում:

Սաակաշվիլին իր «Ֆեյսբուքյան» էջում արձագանքել է Սահմանային ծառայության տարածած հաղորդագրությանը, գրելով.

«Քանի դեռ Պետրո Պորոշենկոն նախագահ է, Սահմանային ծառայությունից այլ պատասխան չէի էլ սպասում: Ոչինչ, մի քիչ էլ կհամբերեմ, այսքան ժամանակ համբերել եմ»,- գրում է Վրաստանի երրորդ նախագահը:

Հիշեցնենք՝ ապրիլի 21-ին Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների 2-րդ փուլում համոզիչ հաղթանակ է տարել դերասան Վլադիմիր Զելենսկին, որին սատարում էր Սաակաշվիլին։