Միջանկյալ ընտրությունների երկրորդ փուլի ընթացքն ու արդյունքները

Մթածմինդայում այսօր տեղի ունեցած խորհրդարանական միջանկյալ ընտրությունների երկրորդ փուլում նախնական տվյալների համաձայն, ձայների մեծամասնությունով առաջին տեղում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Լադո Կախաձեն: Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով, Լադո Կախաձեն ստացել է ընտրողների 62.19%-ի, իսկ «Եվրոպական Վրաստան — Ազատ Դեմոկրատներ» դաշինքի թեկնածու Շալվա Շավգուլիձեն 37. 81%-ի վստահությունը։

Ակտիվությունը կազմել է 41.23% (18 105 ընտրող): Ընտրությունների առաջին փուլում ակտիվությունը կազմել էր 34.27%:

Նշենք, որ ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել մայիսի 19-ին:

Օրվա ընթացքում ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում էին խախտումների մասին` ցուցակներ, ընտրողների մոբիլիզացիա և այլն: Մի քանի տեղում նաև վիճաբանություն է եղել, սակայն ֆիզիկական բռնություն չի գրանցվել: Միևնույն ժամանակ, ներքին գործերի նախարարությունը մեկ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել` սպառնալիքի հատկանիշներով: Գործը հարուցվել է ընդդիմության կողմից հրապարակված տեսանյութի հիման վրա, որտեղ, ամենայն հավանականությամբ, իշխող «Վրացական երազանքի» ակտիվիստներից մեկը դիտորդին սպառնում է. «Մի նկարի, թե չէ մեջտեղից կկիսեմ»:

Հատկանշական է նաև, որ մինչ ընտրությունների արդյունքները կհայտարարվեր, «Վրացական երազանք»-ի առաջնորդներից, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն շնորհավորել էր իրենց թեկնածուին` հաղթանակի կապակցությամբ: Ըստ քաղաքապետի, նրա այս հայտարարությունը հիմնված է եղել «նախնական տվյալների» վրա:

Ավելի ուշ Կալաձեն կոնկրետ թվերի մասին խոսեց: Նա հայտարարեց, որ ընտրատեղամասերի քվեաթերթիկների 75 տոկոսն արդեն հաշվարկած է և այդ թվերի համաձայն Կախաձեն 62.5%, իսկ Շավգուլիձեն` 37.5% ձայների է արժանացել, սակայն ԿԸՀ-ն այդ ժամանակ դեռևս արդյունքների մասին ոչինչ չէր հայտարարել:

Բացի այդ, «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին քվեարկությունից հետո հայտարարել էր, որ «Կախաձեն մեծ առավելությամբ կհաղթի»:

«Եվրոպացիներին երկրորդ փուլը դուր է գալիս»,- հայտարարել է Իվանիշվիլին:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա ամփոփելով ընտրությունները ընդդիմադիր թեկնածու Շալվա Շավգուլիձեի շտաբից հայտարարել են, որ «Վրացական երազանքը ևս մեկ անգամ ցույց տվեց իր իրական դեմքը»:

«Ընտրությունների արդյունքները որոշվում է ոչ թե ընտրատեղամասում, այլ կրիմինալների, շանտաժի, կաշառքի միջոցով»,- հայտարարել է Շավգուլիձեի նախընտրական շտաբի անդամ, պատգամավոր Իրմա Նադիրաշվիլին:

Իսկ Շալվա Շավգուլիձեն երեկոյան հայտարարեց, որ «սա իշխանությունների կողմից կազմակերպված, վատ, ժողովրդավարության համար անընդունելի ընտրություններ էին»: Այդ իսկ պատճառով նա չի պատրաստվում շնորհավորել Կախաձեին: Շավգուլիձեն շնորհակալություն է հայտնել իր ընտրողներին և հավելել, որ «ցավոք, չի կարողացել մեծամասնությանը համոզել, որ երբ դժգոհ են իշխանություններից, պասիվ բողոքը բավարար չէ և անհրաժեշտ է մասնակցել ընտրություններին»: